Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ: Մայիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ կունենա ԵԹԿՊԻ ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ուսանողների, շրջանավարտների հետ, կիրականացնի ռեսուրսների դիտարկում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Մկրտիչ Այվազյանը: Փորձագիտական խմբի մյուս անդամներն են Աջարիայի կրթության, մշակույթի և սպորտի նախարարության առաջատար փորձագետ, «Կովկաս» մշակութային հիմնադրամի թբիլիսյան մասնաճյուղի նախագահ Լևան Խեթագուրին, Իլյայի անվան պետական համալսարանի դոցենտ, արվեստի և մշակութային հետազոտությունների պրոֆեսոր Իուրի Մգեբրիշվիլին, ՀՊՏՀ դասախոս, դոցենտ Գեղեցիկ Գրիգորյանը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանող Միշա Թադևոսյանը:
Հավատարմագրման գործընթացը համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը:
Մինչ բուհ այցելությունը փորձագիտական խումբն ուսումնասիրել է ուսումնական հաստատության ինքնավերլուծությունը: Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի արդյունքները և վերջնական զեկույց կներկայացնի: Դրա հիման վրա բուհը կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր:
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, հիմնվելով բուհի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և բուհի կազմած թերությունների վերացման ծրագրի վրա, որոշում կկայացնի: