Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիան (ԵԳՊԱ) ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում: Այսօր մեկնարկել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) և Գերմանիայի բնական գիտությունների, ճարտարագիտության, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի որակի ապահովման կենտրոնի (ASIIN) համատեղ փորձագիտական խմբի այցը ԵԳՊԱ:
Փորձագիտական խումբն արդեն մասնակցել է ԵԳՊԱ շրջանավարտների ավարտական աշխատանքների ներկայացմանը: Իսկ մայիսի 30-հունիսի 1-ը փորձագիտական խումբը հանդիպում-քննարկումներ կունենա ռեկտորի, պրոռեկտորների, մարդկային ռեսուրսների կառավարման, կարիերայի և հետազոտական կենտրոնների, վարչությունների ղեկավարների, վարչակազմի անդամների, ինչպես նաև դեկանների, ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի, որակի ապահովման կենտրոնի ներկայացուցիչների հետ: Այցի շրջանակներում փորձագետները հանդիպումներ կունենան նաև ուսանողների, շրջանավարտների և գործատուների հետ, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում և փաստաթղթերի ուսումնասիրություն:
Փորձագիտական խմբի ղեկավարն է տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Սարգսյանը: Խմբի մյուս անդամներն են Ցվիկաուի Կիրառական գիտությունների համալսարանի պրոֆեսոր Հանս Քրիստիան Բրուվայլերը, Բեռլինի Բյոֆի կիրառական գիտությունների տեխնիկական համալսարանի դասախոս և «Sustainum» կայուն կառավարման ինստիտուտի տնօրեն Լոնգմուս Յորգը, Շվեյցարիայի Սուրբ Գալենի անվան համալսարանի փոքր և միջին ձեռնարկությունների կառավարման մասնագիտության կրթական ծրագրերի ղեկավար Հերբերտ Յոհան Լորենց Գրուները, մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՊՄՀ դիզայնի և դեկորատիվ կիրառական արվեստների ամբիոնի ասիստենտ Լիլիթ Ֆլջյանը և ՃՇՀԱՀ ուսանող Էրիկ Վարդանյանը:
Գործընթացը համակարգում են ASIIN ծրագրերի կառավարիչ Արնոլդ Ռայները և ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը:
Այցից հետո փորձագիտական խումբը կամփոփի տվյալները և զեկույց կկազմի, որում կներկայացնի բուհի ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցի: ԵԳՊԱ-ն, հիմնվելով փորձագիտական զեկույցի և խորհրդատվությունների վրա, կկազմի փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիր:
Հավատարմագրման գործընթացը կամփոփվի ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ: