Հայաստանյան բուհական համակարգին բնորոշ ամենամեծ խնդիրը դասախոսական անձնակազմի համալրումն է. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
Նրա խոսքով` բուհերի կառավարումը ևս խնդրահարույց է. կառավարման համակարգը բարդացված է, պատասխանատվությունները միշտ չէ, որ հստակ են: «Նաև կառավարման խնդիր եմ համարում, երբ նոր դասախոսների մուտքը համալսարան պակասում է»,- ասաց Ռ. Թոփչյանը`հավելելով, որ ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացների արդյունքում բուհերի կառավարման համակարգերը բարեփոխման մեջ են:
Նա տեղեկացրեց, որ 16 բուհեր արդեն իսկ անցել են հավատարմագրման գործընթացը, ևս 4 բուհի`Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի, ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի և Մ. Խորենացու անվան համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումն ընթացքի մեջ է:
«Պետության կողմից պահանջ է դրվել, որ մինչև 2018 թվականը բոլոր բուհերն ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած լինեն: Այդ ժամկետից հետո հավատարմագրում չունենալու հետևանքները, սակայն, Կառավարության կողմից դեռևս սահմանված չեն»,- ասաց Ռ. Թոփչյանը`նշելով, որ միջազգային պրակտիկայում նման բուհերում ընդունելությունը դադարեցվում է:
Պարոն Թոփչյանը կարևորեց, որ հավատարմագրման գործընթացի արդյունքում բուհերն ուսումնասիրում են իրենք իրենց, հասկանում ուժեղ և թույլ կողմերը: Տեղացի և միջազգային փորձագետների կողմից վեր հանված խնդիրների լուծման համար նրանց իսկ խորհրդատվության հիման վրա ուսումնական հաստատությունը բարելավման պլան է կազմում`իրագործման քայլերով ու ժամանակացույցով:
«Չենք կարող մաքսիմալիստ լինել և ասել, որ հավատարմագրման ժամկետի ավարտին, օրինակ`չորս տարի հետո, բուհը որևէ խնդիր չի ունենա: Բայց հիմնական խնդիրները, որոնք փորձագետները մատնանշել են, պետք է կամ լուծված լինեն, կամ լուծման ավարտական փուլում լինեն: Հաջորդ հավատարմագրման ժամանակ այդ հանգամանքը փորձագետների ուշադրության կենտրոնում է լինելու»,- ասաց պարոն Թոփչյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ մեկնարկում է ծրագրային հավատարմագրումների փուլը:
«Եթե ուսումնական հաստատությունն ունի ինստիտուցիոնալ հավատարմագրվածի կարգավիճակ, դա դեռ չի նշանակում, որ բուհում որակը լավ է: Ռեալ որակը միայն կառավարման մեջ չէ, այլ նաև իրականացվող մասնագիտական կրթական ծրագրերի»,- ասաց Ռ. Թոփչյանը: Ծրագրային հավատարմագրմամբ բուհերը կկարողանան հավաստել, որ իրենց մասնագիտական կրթական ծրագրերն արդյունավետ են, իսկ շնորհվող որակավորումները համապատասխանում են պահանջներին: Կառավարության որոշմամբ, սակայն, ծրագրային հավատարմագրումը ինստիտուցիոնալի պես պարտադիր չի համարվում, թողնված է բուհերի հայեցողությանը:
«Մենք կարծում ենք, որ դա որոշակի մասով պարտադիր պետք է լինի: Օրինակ, եթե բուհը 4 տարի ժամկետով հավատարմագրում է ստանում, ապա այդ ընթացքում ծրագրերի գոնե 20-30 տոկոսը պետք է փորձաքննություն անցնեն»,- ասաց նա:
ՈԱԱԿ տնօրենը նաև տեղեկացրեց, որ կարևորելով ուսուցման արդյունավետության ուսումնասիրություններն` առաջիկայում սպասվող ամենամյա համաժողովի համար հետևյալ թեման են ընտրել.«Կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ»: «Կարևոր է, որ դասախոսն ուսումնասիրություն կատարի, թե որքանով է իր դասավանդումն արդյունավետ: Արևմտյան բուհերում այդպիսի պրակտիկա կա. դասախոսը տարեվերջում հաշվետվություն է ներկայացնում`ցույց տալով, թե որքանով է արդյունավետ իրականացրել իր գործունեությունը և ինչպես է դա գնահատել: Ուզում ենք, որ մեզ մոտ էլ դա դառնա դասախոսի հետազոտական աշխատանքի մի մասը»,- ասաց Ռ. Թոփչյանը:
Նա կոչ արեց դասախոսներին մասնակցել հունվարի 21-22-ին կայանալիք համաժողովին և ներկայացնել իրենց փորձի վրա հիմնված հետազոտությունները: Լավագույն աշխատանքները կհրապարակվեն ՈԱԱԿ-ի և ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ ծրագրի նախաձեռնած միջազգային ամսագրում, որը կհրատարակվի 2016 թ. հոկտեմբերին: