Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ԵՊԼՀ Անգլերենի հաղորդակցման և թարգմանության ամբիոնի վարիչ Քրիստինե Սողիկյանը հանդիպում ունեցան ԵՊԼՀ դասախոսների հետ՝ ներկայացնելով թարգմանչության ոլորտում փորձարկվող բուհ-գործատու համագործակցության նոր մոդելը և դրա շրջանակներում դուրս բերված գործատուների ակնկալիքները բուհերից։
Շեշտվեց, որ գործատուն բուհից ակնկալում է արտադրական ամբողջ շրջափուլը պատկերացնող, պրակտիկ հմտություններով, հետազոտության կարողություններով և պատասխանատու շրջանավարտներ։
Պարոն Թոփչյանը նշեց, որ չի ակնկալում, որ գործատուների պահանջներն անմիջապես կդառնան կրթական ծրագրերի մաս։ Նրա խոսքով՝ նպատակն է գործատուի կարիքները դարձնել դասախոսական շրջանակների քննարկման առարկա, ինչի արդյունքում կմշակվեն մոտեցումներ, կկատարվեն փոփոխություններ կրթական ծրագրերում, գնահատման և դասավանդման մեթոդաբանությունում։ Պարոն Թոփչյանը վստահություն հայտնեց, որ հաջորդ տարի արդեն դասախոսների հետ միասին քննարկելու են կիրառված մոտեցումների արդյունավետությունը՝ աշխատելով դրանց բարելավման ուղղությամբ։
Նշվեց նաև, որ ՈԱԱԿ-ն առաջիկայում բուհ-գործատու համագործակցության նոր մոդելը ներկայացնելու է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ֆորումին՝ որպես լավագույն փորձ, որը կարող է հետաքրքիր լինել եվրոպական բարձրագույն կրթական տարածքին։