Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) սեպտեմբերի 23-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրեց Երևանի զբոսաշրջության, սպասարկման և սննդի արդյունաբերության հայ-հունական պետական քոլեջում․ ՄՈՒՀ-ը 2023-ին ստացել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։
Մշտադիտարկման այցի շրջանակներում հանդիպում-քննարկումներ տեղի ունեցան քոլեջի ղեկավար կազմի, ամբիոնների վարիչների և դասախոսների, ուսանողների, որակի ապահովման պատասխանատուի հետ։
Ուշադրության կենտրոնում ՄՈՒՀ-ի բարելավման ծրագրի իրագործումն էր, առկա ձեռքբերումները և հնարավոր մարտահրավերները։
Անդրադարձ կատարվեց․
- հանրակրթական առարկաների ժամանակային բաշխման և դասավանդման արդյունավետությանը,
- ուսումնական գործընթացում հետազոտական բաղադրիչի առկայությանը, ուսանողների և դասախոսների հետազոտական գործունեության խթանման մեխանիզմներին,
- ՄՈՒՀ-ի ռեսուրսների համալրման գործընթացին, որոշ մասնագիտություններով պրակտիկ կարողությունների ձևավորմանը լաբորատոր սարքավորումների պակասի պայմաններում,
- արտադրական ողջ ցիկլին ծանոթանալու հնարավորություն ընձեռող պրակտիկայի կազմակերպման հնարավորություններին և գնահատման չափանիշներին,
- մասնագիտական օտար լեզվի դասավանդմանը, դասախոսների ու ուսանողների՝ օտար լեզվի իմացության մակարդակին,
- ուսանողների և դասախոսների կարիքների վերհանման և արձագանքի գործող մեխանիզմներին,
- ՄՈՒՀ-գործատու համագործակցությանը և դրա արդյունքում տեղի ունեցող բարելավման գործընթացներին,
- այլ ՄՈՒՀ-երի հետ իրականացված բենչմարքինգին և կրթական ծրագրերի բարելավմանը։
Կարևորվեց, որ քոլեջը ձգտում է ուսանողների մոտ անվտանգ պայմաններում գործելու մշակույթ ձևավորել, ինչպես նաև գործատուների հետ համագործակցությամբ նպաստել ուսանողների կարողությունների ձևավորմանը և պրակտիկ փորձառությամբ դաասախոսներով քոլեջի համալրմանը։
Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետները մատնանշեցին ՄՈՒՀ-ի լավագույն փորձը և բարելավման ուղղությունները: