Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) դեկտեմբերի 19-ին մշտադիտարկում իրականացրեց Վ.Գ. Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղում: Նպատակն էր պարզել, թե բուհում որքանով է ներդրված որակի ներքին ապահովման համակարգը, ինչքանով է այն արդյունավետ և ինչպես է նպաստում կրթական գործընթացների բարելավմանը:
Նշենք, որ Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երևանյան մասնաճյուղ այցով մեկնարկել են մշտադիտարկումները ՀՀ-ում գործող օտարերկրյա բուհերի մասնաճյուղերում:
Այցի ընթացքում մասնաճյուղի տնօրենը ներկայացրեց բուհի գործունեությունը, իրավական կարգավիճակը և առանձնահատկությունները, դասախոսական կազմի ներգրավման յուրահատկությունները և համալրման հնարավորությունները: Տեղի ունեցան նաև հանդիպումներ ամբիոնների վարիչների, պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ:
Քննարկման հիմնական թեմաներն էին.
- Ներքին և արտաքին շահակիցների կարիքների վերհանման և արձագանքման մեխանիզմները;
- Պրոֆեսորադասախոսական կազմի համալրման և վերապատրաստումների քաղաքականությունը;
- Ուսանողների ընդունելության և կրթության կազմակերպման խնդիրները;
- Գործատուների հետ համագործակցությունը և պրակտիկաների կազմակերպումը գործատուի միջավայրում;
- Կրթական ծրագրերի արդիականացումը և հայալեզու ու ռուսալեզու միջավայրերում աշխատելու պատրաստ մասնագետների թողարկման խնդիրները;
- Դասավանդման արդյունավետության և սահմանված վերջնարդյունքների ձեռքբերման որակի ապահովման ցուցիչները:
Հանդիպման ավարտին ՈԱԱԿ մասնագետները բուհի ղեկավարությանը ներկայացրեցին բարելավման առաջնային ուղղությունները: Կարևորվեց որակի ներքին ապահովման համակարգի դերը խնդիրների վերհանման և կրթական գործընթացների շարունակական բարելավման գործում: