ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում նախանշված է շրջանավարտների մասնագիտական զբաղվածության մակարդակը հասցնել 90%-ի։ Այդ նպատակի իրագործման համար ՈԱԱԿ-ը մշակել է ձևավորող գնահատման մոդել և նախաձեռնել ՀՀ ՄԿՈՒ համակարգի, մասնավորապես՝ աշխատանքին միտված ձևավորող գնահատման միջազգային գործընկերային գնահատում։
Մայիսի 21-23-ը Հայաստանի Հանրապետությունը կհյուրընկալի Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ՄԿՈՒ որակի ապահովման ֆորումը՝ «Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովում» խորագրով։ Եռօրյա այցի ընթացքում հեղինակավոր փորձագետներ 12 երկրներից կդտարկեն ՀՀ ՄԿՈՒ համակարգը և ձևավորող գնահատման բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն: Այսօր «Արմենպրես» մամուլի սրահում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում սպասվող միջազգային գործընկերային գնահատման մանրամասները ներկայացրին ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը, ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ETF ֆորումի ղեկավար Մունիր Բաատին։
«Ներկայում կրթության որակը ոչ միայն ուսանողների և ծնողների, այլ նաև գործատուների ուշադրության կենտրոնում է։ Գործատուն ակնկալում է արդյունավետ աշխատուժ։ Այսօր աշխարհը շեշտադրում է ձևավորող գնահատումը, որը ենթադրում է, որ ուսանողները պետք է պրակտիկ մասնագիտական աշխատանք կատարեն ուսումնառության ընթացքում և ստանան հետադարձ կապ գործատու-դասավանդողից՝ բարելավելու իրենց կարողությունները, որպեսզի ավարտելիս ունենան աշխատաշուկայի պահանջներին համապատասխան կարողություններ»,- հայտարարեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը։
«ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում գլխավոր ուղղություններից մեկը միջազգայնացումն է, և մենք կարևորում ենք, որ ՄԿՈՒ հաստատությունները ևս միջազգայնացման գործընթացում ընդգրկված լինեն: Նաև շեշտադրում ենք հավատարմագրման գործընթացը որակի ապահովման տեսանկյունից․ ունենք հավատարմագրված 40-ից ավել քոլեջ, որից վեցը՝ ոչ պետական: Հավատարմագրումը ոչ միայն որակի երաշխիք է ապահովում, այլ նաև հնարավորություն է ՄՈՒՀ-ի համար իր գործընթացները վերլուծելու և արտաքին կարծիք լսելու։ Այս ամենը փոխլրացնելով ապահովելու է կրթության այն որակը, որ ակնկալում ենք ունենալ»,- ասաց ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը:
«Մեր գործընկերներին իրենց ցանկությամբ ենք խորհրդատվություն տրամադրում - ասաց ETF ֆորումի ղեկավար Մունիր Բաատին։ -Առաջիկա գործընկերային գնահատմանը մասնակցելու են որակի ապահովման փորձագետներ Վրաստանից, Սերբիայից, Իսրայելից, Մարոկկոյից և այլ երկրներից։ Այցի ավարտին նրանք խորհրդատվություն կմատուցեն՝ մատնանշելով, թե ինչ մարտահրավերներ կան և ինչպես է հնարավոր հաղթահարել դրանք։ Նախարարությունը և ՈԱԱԿ-ն են որոշելու, թե ինչպես կիրառել խորհրդատվությունները»։
«Ձևավորող գնահատման ՈԱԱԿ-ի մշակած ձևաչափը տանում է դեպի գործատուն․ նա պետք է մասնակցի կրթական գործընթացին, իրականացնի ձևավորող գնահատում, քանի որ նա գիտի, թե ինչ մասնագիտական կարողություններ են անհրաժեշտ,- ասաց Ռուբեն Թոփչյանը։-Գիտելիքը պետք է ձեռք բերվի ոչ թե հիշելու , այլ կիրառելու նպատակով»:
Նա շեշտադրեց՝ ՈԱԱԿ-ը խրախուսում է գործատուներին, որ իրենց աշխատողներին ուղղորդեն դեպի քոլեջներ՝ դասախոսների հետ համագործակցելու։ Այսպիսով գիտելիքը հնարավոր կլինի վերածել կարողության, ուսանողը սովորելուն զուգահեռ կստանա հետադարձ կապ և ավարտելիս կհամապատասխանի աշխատաշուկայի պահանջներին։
«Միջազգային փորձագետների կողմից խորհրդատվություններ ստանալուց հետո ՈԱԱԿ-ը և ողջ ՄԿՈՒ համակարգը ձեռնամուխ կլինեն խորհրդատվությունների իրագործմանը: Հույս ունեմ, որ մինչև 2030-ը կմոտենանք սահմանված նշաձողին»,- ասաց Ռուբեն Թոփչյանը։
ETF-ի որակի ապահովման ֆորումը գործարկվել է 2017թ․-ին։ Ֆորումը միջազգային համագործակցության նախաձեռնություն է ՄԿՈՒ հաստատությունների որակի արտաքին ապահովման գործընթացներ իրականացնող 20 ազգային կառույցների միջև: Ակնկալվում է, որ գործընկերային այցը կնպաստի ՀՀ ՄԿՈՒ ոլորտում որակի ապահովման համակարգի արդիականացմանն ու բարելավմանը և Հայաստանում առկա լավագույն փորձի միջազգայնացմանը: ՈԱԱԿ-ը ETF որակի ապահովման ֆորումին անդամակցում է 2020 թվականից։