Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում իրականացրել է որակի ներքին ապահովման կարողությունների զարգացման միջոցառումներ։
Միջոցառումների շրջանակներում բուհի ներկայացուցիչների համար տեղի են ունեցել ինստիտուցիոնալ կառավարմանը և ինժեներական կրթության որակի ապահովմանը նվիրված աշխատաժողովներ։ Աշխատաժողովներից հետո բուհի ներկայացուցիչները պատրաստել են որակավորումների արժանահավատ շնորհումը ցույց տվող SWOT վերլուծություն։ Վերապատրաստվող մասնակիցներից ընտրվել են երեք ներկայացուցիչներ, որոնք ՈԱԱԿ-ի կողմից վերապատրաստվել են որպես փորձագետներ արտաքին գնահատում իրականացնելու համար։
Գործընթացի ընթացքում արտաքին փորձագետները դիտարկել են․
- որքանո՞վ է բուհը թողարկում ինժեներական մտածելակերպ և հմտություններ ունեցող շրջանավարտներ,
- արդյո՞ք կրթական ծրագրերը, ռեսուրսները բավարար են մասնագիտական կարողությունների ձևավորման համար,
- արդյո՞ք բուհը տրամադրում է աշխատաշուկայի պահանջները բավարարող ինժեներական կրթություն։
Ուսումնական հաստատություն իրականացված մեկօրյա այցի շրջանակներում վերապատրաստված փորձագետները և ՈԱԱԿ ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել բուհի ինստիտուտների ղեկավարների, ամբիոնների վարիչների, կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների, ուսանողների, որակի ապահովման կենտրոնի ներկայացուցիչների և SWOT վերլուծություն իրականացրած խմբի հետ։
Այցի ավարտին բուհի ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվել են գործընթացի հիմնական արդյունքները և տրվել են խորհրդատվություններ։