Ի՞նչ խնդիրներ են առկա հայաստանյան բուհերում, ի՞նչ քայլեր են ձեռնարկում բուհերը դրանց լուծման ուղղությամբ և ինչպիսի՞ն են բարելավման գործողությունների արդյունքները. Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի «Ուսանողության ձայն» նախագծի անդամները, պահանջատեր լինելով մատուցվող կրթական ծառայությունների որակի նկատմամբ, ձեռնամուխ են եղել այս հարցերի ուսումնասիրությանը:
Հաշվի առնելով ինստիտուցիոնալ հավատարմագրումների երկրորդ շրջափուլի մեկնարկն առաջիկայում՝ «Ուսանողության ձայն» նախագծի անդամներն արդեն ուսումնասիրել են ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացն անցած բուհերի վերաբերյալ փորձագիտական զեկույցներն ու ՈԱԱԿ եզրակացությունները՝ դուրս բերելով համակարգային բնույթ կրող խնդիրները: Բուհերի հերթական արտաքին գնահատումից հետո հնարավորություն կլինի համեմատություն իրականացնել՝ հասկանալու, թե որքանով են լուծվել առկա խնդիրները և ինչպես են բարելավման գործողություններն անդրադարձել ուսանողների ու կրթական գործընթացի վրա:
Նշենք, որ հավատարմագրման գործընթացի արդյունքում բուհերը, հիմնվելով փորձագետների մատուցած խորհրդատվության, մատնանշած խնդիրների վրա, կազմել են թերությունների վերացման ծրագիր՝ պարտավորվելով բարելավման գործողություններ իրականացնել մինչև հաջորդ հավատարմագրումը: Ներկայում մի շարք բուհեր արդեն իսկ դիմել են վերահավատարմագրման համար: Հավատարմագրման երկրորդ և հաջորդող բոլոր շրջափուլերում փորձագետները նաև գնահատելու են, թե որքանով է բուհն իրականացրել հաստատված բարելավման պլանը և լուծել մատնանշված խնդիրները:
Հետազոտության առաջին փուլի արդյունքում ուսանողները պարզել են, որ հայաստանյան բուհերի մեծ մասում բավարար չէ շահակիցների մասնակցությունը կրթական ծրագրերի բարեփոխումների գործընթացներին, ուսումնական պլաններում թույլ է արտահայտված կամընտրականությունը, կրեդիտային համակարգը չի նպաստում ուսանողների շարժունությանը, թույլ է բուհ-գործատու համագործակցությունը, անբավարար են պրոֆեսորադասախոսական կազմի մասնագիտական զարգացմանն ուղղված աշխատանքները, սակավ միջոցներ են հատկացվում գիտահետազոտական աշխատանքի խրախուսմանը և այլն:
Ամբողջական հետազոտությանը ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղմամբ: