Հոկտեմբերի 25-27-ին Դուբլինում տեղի ունեցավ ENQA Ընդհանուր համաժողովը, որին մասնակցեցին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ծրագրային և ինստիտուցիոնալ փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը:
Համաժողովի շրջանակներում քննարկվցին հետևյալ թեմաները.
- Որակավորումների ճանաչումն՝ ուշադրության կենտրոնում. Գլոբալ ճանաչման կոնվենցիան, խնդրի շեշտադրումը ԵԽ կողմից, ինչպե՞ս է հնարավոր աջակցել գլոբալ ճանաչման քաղաքականության իրականացմանը;
- Որակի ապահովումը գործնականում. ինչպիսի՞ն է կապը որակի ապահովման և որակավորումների ճանաչման միջև, որո՞նք են ճանաչման հետ կապված մարտահրավերները հաստատություններում և ինչպե՞ս կարող է որակի ապահովումն աջակցել այս հարցում;
- Որակի անդրսահմանային ապահովում. որակի ապահովման շատ գործակալություններ գործունեություն են ծավալում իրենց տեղակայման երկրի սահմաններից դուրս: Ինչպիսի՞ն է իրողությունն այս առումով, ինչ էթիկական նորմեր են գործում և ի՞նչ մարտահրավերներ կան:
Տեղի ունեցան նաև աշխատաժողովներ, որտեղ քննարկվեցին, թե ինչպիսին են տեսնում ապագա Որակի ապահովման եվրոպական չափանիշները և ուղենիշները (ESG), որն է լինելու ENQA ուղերձը 2024-ին Տիրանայում կայանալիք Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովին: Առանցքային էր միտքը, որ պետք է ավելի շատ վստահել և ավելի մեծ ինքնավարություն տալ բուհերին, քանի որ արդեն կա որակի արտաքին ապահովման գործուն համակարգ: Կարևոր է ապահովել նաև կարգերի ճկունությունը, որպեսզի դրանք ոչ թե սահմանափակեն բուհերին, այլ խրախուսեն սահմանված վերջնարդյունքներին հասնելու նորարար ուղիներ գտնել:
Համաժողովի շրջանակներում ընտրվեցին նաև ENQA խորհրդի 5 նոր անդամներ: ՈԱԱԿ-ը շնորհավորում է գործընկերներին՝ մաղթելով արդյունավետ աշխատանք ENQA խորհրդի կազմում: