Մայիսի 17-18-ին Բելգիայի Լյուվեն քաղաքում տեղի է ունեցել Բոլոնյան գործընթացի որակի ապահովման գործընկերային աջակցության խմբի երկրորդ փուլի աշխատանքների առաջին հանդիպումը, որին որպես ՀՀ ներկայացուցիչ մասնակցել է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է Բոլոնյան գործընթացի աշխատանքների իրականացման զեկույցը (2020-2024թթ․), որում արծարծված էին որակի ապահովման ոլորտում Բոլոնիայի անդամ պետությունների հաջողություններն ու առկա մարտահրավերները։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Բոլոնյան գործընթացի որակի ապահովման գործընկերային աջակցության խմբի առաջիկա աշխատանքները, առկա ծրագրերը և գործունեության ուղղությունները։
Զուգահեռ պանելային հանդիպումների քննարկման առանցքում էին որակի ապահովման համակարգի թվայնացման, Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման եվրոպական չափանիշների (ESG) տեղայնացման, որակի ներքին ապահովման համակարգի և որակի մշակույթի ներդրման հարցերը։ Հանդիպումների ընթացքում անդամ պետությունները ներկայացրել են հիմնահարցերի շուրջ իրենց երկրներում առկա մարտահրավերները և լավ փորձը։
Աշխատաժողովի երկրորդ օրը մասնակից պետությունների ներկայացուցիչները իրականացրել են փորձի փոխանակում, քայլեր են ձեռնարկել համագործակցության շրջանակի ընդլայնման ուղղությամբ։