Տեղի ունեցավ Բոլոնյան գործընթացի որակի ապահովման գործընկերային աջակցության խմբի երկրորդ հանդիպումը, որին մասնակցեց նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը։
2018-ի սեպտեմբերին Բոլոնիայի անդամ երկրները նախաձեռնել են ոլորտային խմբերի ստեղծումը։ Դրանք կնպաստեն անդամ երկրների լավագույն փորձի տարածմանը ողջ եվրոպական կրթական տարածքում։ Որակի ապահովման տիրույթում շահակիցների երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ մայիսի 27-28-ին, Կիպրոսում։ Հանդիպմանը ՈԱԱԿ-ը ներկայացնում էր Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ավագ մասնագետ Վարդուհի Գյուլազյանը։ Երկօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակից երկրները ներկայացրել են որակի ապահովման տիրույթի իրենց գործողությունների ծրագիրը 2019-2020թթ․ համար, քննարկել են որակի ապահովման գործընթացները և առկա միտումները Բոլոնիայի երկրներում։
Կլոր-սեղան քննարկումներ են տեղի ունեցել «Օրենսդրության և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման չափանիշների և ուղենիշների (ESG) համապատասխանեցում», «Եվրոպական դիրքորոշումը համատեղ հավատարմագրումների վերաբերյալ», «Շահակիցների ներգրավվածություն», «Որակի ներքին ապահովում», «Որակի արտաքին ապահովում․ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրում» թեմաներով։
Խմբային քննարկումների ընթացքում երկրներից յուրաքանչյուրը ներկայացրել է իր հաջողված փորձը, ինչպես նաև բարձրաձայնել խնդիրները՝ փորձելով գտնել գործընկեր երկիր փորձի փոխանակման և խնդրահարույց ոլորտներում համագործակցության համար։
Միջոցառման ավարտին տեղի է ունեցել Էրազմուս+ EuniQ (Եվրոպական մոտեցման մշակում եվրոպական համալսարանների ցանցի համապարփակ որակի ապահովման համար) ծրագրի շահակիցների նախնական հանդիպումը։ Ծրագրի 17 գործընկերներից մեկն էլ ՈԱԱԿ-ն է։