Ինչպե՞ս կիրառել արհեստական բանականությունը որակի ապահովման գործընթացներում․ Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամների ֆորումի շրջանակներում իր փորձն է ներկայացրել Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը:
Ապրիլի 17-19-ին Հանովերում տեղի է ունեցել ENQA անդամների ֆորումը, որին մասնակցել է նաև ՈԱԱԿ-ը՝ ի դեմս տնօրեն Ռուբեն Թոփչյանի և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանի։
«Արհեստական բանականություն․ չարի՞ք, թե՞ բարիք որակի ապահովման տեսանկյունից» խորագրով պանելային քննարկմանը ՈԱԱԿ-ը ներկայացրել է «Արհեստական բանականության կիրառությունն ինստիտուցիոնալ հավատարմագրման ազդեցությունը բուհերում գնահատելու նպատակով» վերլուծության մեթոդաբանությունը և արդյունքները։ Պանելային քննարկմանն իրենց փորձով են կիսվել Իռլանդիայի որակ և որակավորումներ գործակալությունը (QQI), Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալությունը (NVAO)։
ՈԱԱԿ զեկույցը մեծ հետաքրքրություն է առաջացրել ֆորումի մասնակիցների շրջանակում․ առաջիկայում նախատեսվում է ՈԱԱԿ-ի կողմից առաջարկվող մեթոդաբանության հնարավորությունները քննարկել մասնակից երկների կառույցների ներկայացուցիչների հետ։
«Որակի ապահովումը և փոփոխությունները» խորագրով միջոցառման շրջանակներում ENQA անդամները քննարկել են Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման քաղաքականության փոփոխությունները, մարտահրավերները և արդի խնդիրները։
Ֆորումի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև՝
- Որակի ապահովման շրջափուլերին և ժամանակի ընթացքում ավելի ու ավելի լավ արդյունքներ արձանագրելու հնարավորություններին։
- Տրանսազգային կրթության որակի ապահովմանը, գործիքակազմին և հնարավորություններին։
- Միկրոորակավորումների որակի ապահովմանը և ESG-ի կիրառության հնարավորությանը միկրոորակավորումների արտաքին գնահատման գործընթացներում։
- Բուհ-որակի ապահովման գործակալության համագործակցությանը բարելավման ծրագրի իրագործման շրջանակներում և հնարավոր տարաձայնությունների լուծման մեխանիզմներին։