Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) մասնագետներն ապրիլի 30-ին որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում իրականացրին Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջում: Նպատակն է վեր հանել ՄՈՒՀ-ի ուժեղ կողմերը, նպաստել լավագույն փորձի տարածմանը, ինչպես նաև մատնանշել բարելավման ենթակա ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն մատուցել:
Մշտադիտարկման առանցքում էին.
- ՄՈՒՀ-ում որակի ապահովման համակարգի ներդրման և գործարկման ուղղությամբ իրականացված աշխատանքները,
- տվյալների վրա հիմնված ռազմավարական կառավարումը,
- ՄԿԾ-ների և գնահատման համակարգի բարելավման նպատակով իրականացվող գործընթացները,
- գործատուների հետ համագործակցությունը:
ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը հանդիպում-քննարկումներ ունեցան քոլեջի տնօրենի և փոխտնօրենների, ամբիոնների վարիչների և դասախոսների, ուսանողների, ՈԱ պատասխանատուի հետ:
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին.
- ՈԱ համակարգի առջև դրված խնդիրները և դրանց գնահատման ցուցիչները;
- ՈԱ աշխատանքների պլանավորումը, ՊԻԳԲ շրջափուլի կիրառության փորձը կրթական գործընթացներում;
- Միջառարկայական համագործակցությունների փորձը և առկա արդյունքները;
- Մասնագիտական մտածողություն ձևավորող առաջադրանքները;
- Գործատուից ստացված արձագանքի վերլուծությունը և տեղայնացումը կրթական գործընթացում;
- Տեսական և գործնական պարապմունքների համամասնությունը, պրակտիկայի ծավալների մեծացման անհրաժեշտությունը;
- Գործատուների հետ համագործակցությունը և դուալ կրթության իրականացման հնարավորությունները;
- Այլ գյուղատնտեսական քոլեջների հետ համագործակցությունը;
- Պահանջվող վերջնարդյունքների ձեռքբերման և շնորհվող որակավորումների արժանահավատության ապահովման մեթոդաբանությունը;
- Ուսանողների կարիքների վերհանման և արձագանքման մեխանիզմները;
- Օտար լեզուների իմացության մակարդակը և մասնագիտական բառապաշարի համալրման անհրաժեշտությունը:
Քոլեջի ներկայացուցիչները որպես մարտահրավեր ներկայացրին միջին մասնագիտական ոլորտի մասին իրազեկվածութան պակասը հանրության շրջանում, ինչը դժվարություններ է ստեղծում ուսանողների և գործատուների ներգրավման առումով: Մատնանշվեց նաև ռեսուրսներով հագեցվածության ու շենքային պայմանների խնդիրը:
Մշտադիտարկման ավարտին ՈԱԱԿ մասնագետները դրական գնահատեցին քոլեջում պարբերաբար իրականացվող SWOT վերլուծության փորձը, նաև կարևորեցին, որ
- Քոլեջի ղեկավարությունը ՈԱ համակարգի առջև հստակ խնդիրներ դնի, իսկ ստացված տվյալները կիրառի որոշումների կայացման գործընթացում;
- ՊԻԳԲ շրջափուլի ապահովման ուղղությամբ համակարգված աշխատանքներ իրականացվեն;
- Քայլեր ձեռնարկվեն մասնագիտական օտար լեզվի իմացությունը խրախուսելու, մասնագիտական մոդուլներում նաև օտարալեզու առաջադրանքներ ներդնելու ուղղությամբ;
- Ռեսուրսների բացը կրթական գործընթացում լրացնելու այլընտրանքային ուղիներ փորձարկվեն: