Արարատի պետական քոլեջն ինստիտուցիոնալ հավատարմագրում է անցնում։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) համակարգմամբ փորձագիտական խումբը նոյեմբերի 23-26-ն արտաքին գնահատում կիրականացնի ուսումնական հաստատությունում։
Այդ նպատակով առցանց հանդիպումներ տեղի կունենան քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, խորհրդի անդամների, ամբիոնների վարիչների, ՄԿԾ-ների պատասխանատուների և որակի ապահովման պատասխանատուների հետ, ինչպես նաև դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, գործատուների ներկայացուցիչների հետ։ Փորձագետները կիրականացնեն նաև փաստաթղթերի ուսումնասիրություն։
Նշենք, որ մինչ այս փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը և նախնական գնահատում իրականացրել ըստ հավատարմագրման 10 չափանիշների տիրույթների։
Գործընթացի ավարտին հավատարմագրման կամ հավատարմագրումը մերժելու մասին որոշումը կկայացնի Հավատարմագրման հանձնաժողովը՝ հիմնվելով քոլեջի ինքնավերլուծության, փորձագիտական զեկույցի և ՄՈՒՀ-ի՝ փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի վրա։
Արարատի պետական քոլեջի փորձագիտական խմբի ղեկավարն է տնտեսագիտության թեկնածու, ՀՊՏՀ դասախոս Արմենուհի Մհերյանը։ Խմբի մյուս անդամներն են Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի դասախոս Քրիստինե Հակոբյանը, Վարդենիսի Բադեյան պետական քոլեջի դասախոս Լուսինե Սահակյանը և ԵՊՀ ուսանողուհի Մարիամ Գյուրջյանը։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ մասնագետ Լիլիթ Ղազարյանը։
Արարատի պետական քոլեջը 4 այլ քոլեջների հետ միասին հավատարմագրվում է պետական ֆինանսավորմամբ։ Մինչ արտաքին գնահատումը ՈԱԱԿ մասնագետները տևական ժամանակ քոլեջներին նախապատրաստել են հավատարմագրման, «Ուսանողության ձայն» նախագիծը դասընթաց է կազմակերպել այդ քոլեջների ուսանողների համար, յուրաքանչյուր քոլեջից երկուական աշխատակից ՈԱԱԿ-ում վերապատրաստվել է որպես փորձագետ, ապա նրանց իսկ ներգրավմամբ մշտադիտարկում են իրականացրել ուսումնական հաստատությունում, դուրս բերել ուժեղ և թույլ կողմերը, մատնանշել բարելավման ուղղությունները։ Այս ամենից հետո միայն քոլեջներն ինքնավերլուծություն են իրականացրել և դիմել հավատարմագրման։