Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի 9-րդ ընդհանուր ժողովն ավարտվեց սեմինարով` նվիրված TEMPUS-ի ծրագրերին, որոնցից մեկն էլ «Արարատն» է:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը հանդես եկավ «Արարատ ծրագիր` նպատակների քննարկում. վստահության ձևավորում» թեմայով զեկույցով: Թոփչյանն ուսանողներին ներկայացրեց ծրագրի նպատակները, քննարկվեցին ներկայում առկա խնդիրները և դրանց պատճառները: Ուսանողներն առաջ քաշեցին մասնագիտության ընտրությունն ավելի լուրջ հիմքերի վրա դնելու անհրաժեշտությունը, այլապես դպրոցն ավարտած երիտասարդը հաճախ տարրական պատկերացում չի ունենում իր ընտրած մասնագիտության մասին, ինչն էլ սխալ կողմնորոշման պատճառ է դառնում:
Քննարկվեց նաև շուկայում առկա հակասության պատճառը. մի կողմից շուկան ունի աշխատողների կարիք, մյուս կողմից էլ շուկան լի է գործազուրկներով: Ուսանողները դժգոհեցին նաև կրթական ծրագրերի անհամապատասխանությունից շուկայի պահանջներին:
Թոփչյանը նշեց, որ ծրագրի նպատակներից է, որ բուհերը հաշվի առնեն իրենց մատուցած կրթական ծրագրի պահանջարկված լինելը: ՈԱԱԿ-ը ևս հաշվի է առնում այդ գործոնը ծրագրային հավատարմագրում իրականացնելիս:
«Արարատը» եռամյա ծրագիր է, որ մեկնարկել է 2012-ի դեկտեմբերին: Նպատակն է երկխոսություն ստեղծել աշխատաշուկայի և բուհերի միջև, որպեսզի շուկան կարողանա իր պահանջները բուհին հասցնել, նա էլ իր հերթին շուկայի պահանջներին hամապատասխան մասնագետներ պատրաստել:
Ծրագրի համակարգողն է ՀՊՏՀ-ն: Իսկ ծրագրի արդյունքները կենտրոնացվելու են ՈԱԱԿ-ում, որոնք էլ կիրառվելու են բուհերի ծրագրային հավատարմագրման ժամանակ: