Հունիսի 1-2-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացավ Բոլոնյան գործընթացի որակի ապահովման գործընկերային աջակցության խմբի տարեկան համաժողովը, որին որպես ՀՀ ներկայացուցիչ մասնակցեց ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
Հանդիպման ընթացքում խմբի անդամ երկրների ներկայացուցիչներն ամփոփեցին իրենց տարեկան գործողությունների արդյունքները։
Հայաստանը թեմատիկ խմբում աշխատում է որակի արտաքին ապահովման հետևյալ հարցերի շուրջ.
- կրթական ծրագրերի հավատարմագրման արդյունավետ մոդելի ներդնում,
- համատեղ կրթական ծրագրերի որակի ապահովման եվրոպական մոտեցումների ներդնում,
- միկրոորակավորումների որակի ապահովման մոդելի մշակում և ներդնում:
Որակի ապահովման թեմատիկ խմբի ներկայացուցիչները լավագույն փորձի ներկայացման շրջանակում քննարկեցին բուհերի հասարակական պատասխանատվության հարցերը և դրա դիտարկումը հավատարմագրումների ժամանակ։ ՀՀ ներկայացուցիչ Վարդուհի Գյուլազյանը կիսվեց հայաստանյան փորձառությամբ, ըստ որի՝ հասարարակական պատասխանատվությունը ինստիտուցիոնալ հավատարմագրման կարևոր ոլորտներից է, որտեղ շեշտադրվում է բուհերի կողմից նորարարության և հետազոտական արդյունքների փոխանցումը հասարակության լայն շերտերին։
Ի թիվս այլ հարցերի՝ Բոլոնյան գործընթացի որակի ապահովման գործընկերային աջակցության խմբի ներկայացուցիչները քննարկել են միկրոորակավորումների որակի ապահովման նիդերլանդական փորձը, արհեստական բանականության գործիքների կիրառման հնարավորությունները կրթության ոլորտում և այլն։