Հոկտեմբերի 16-17-ին Աստանայում տեղի ունեցավ Էրազմուս+ C3QA (Եվրոպական ինտեգրմանը համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը) ծրագրի շահակիցների աշխատաժողովը՝ նվիրված ասպիրանտական կրթության որակի ապահովմանը։
Համաժողովի մասնակիցները քննարկել են տարբեր երկրներում կիրառվող կրթության երրորդ աստիճանի որակի ապահովման քաղաքականությունը և համակարգը։ Բազմակողմանի անդրադարձ է կատարվել ասպիրանտական կրթության որակի թե ներքին, թե արտաքին ապահովման մոտեցումներին, դիտարկվել են առկա փորձը, մարտահրավերները և լուծման հնարավոր ուղիները։
Համաժողովի ընթացքում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) ներկայացուցիչները երեք զեկույցներով են հադես եկել՝ ներկայացնելով թե ՈԱԱԿ-ի մոտեցումը քննարկվող հարցերի վերաբերյալ, թե Կենտրոնի քաղաքականությունն ու փորձը ոլորտում։
C3QA-ն եռամյա ծրագիր է (2016-2019 թթ․)։ Նպատակն է մշակել և փորձարկել 3-րդ աստիճանի կրթության՝ մասնավորապես ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության հայեցակարգ և գործիքակազմ, ինչպես նաև գործնական մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հետագայում կկիրառվեն Հայաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում և Ուկրաինայում։