Մայիսի 11–ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) որակի ներքին ապահովման համակարգի մշտադիտարկում է իրականացրել Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջում։ Մշտադիտարկման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների, ուսանողների և որակի ապահովման պատասխանատուի հետ։
Մշտադիտարկման այցի ընթացքում քննարկվել են․
- հաստատության ռազմավարական ուղղությունները և մարտահրավերները,
- քոլեջի շրջանավարտների մրցակցային առավելությունը աշխատաշուկայում,
- կրթական ծրագրերի մշտադիտարկման արդյունքների ներդնումը հետագա բարելավումների համար,
- ուսումնական պրակտիկաների կազմակերպման ձևաչափը,
- դասախոսների՝ ներքին և արտաքին վերապատրաստման հնարավորությունները, ներքին միջավայրում առկա լավագույն փորձի տարածման մեխանիզմները,
- որպես ապագա դասավանդողներ՝ մանկավարժական հմտությունների ձևավորման կարևորությունը ուսանողների մոտ։
Մշտադիտարկման ավարտին հաստատության ղեկավար կազմի հետ հանդիպման ընթացքում ամփոփվել են մշտադիտարկման հիմնական արդյունքները և բարելավման ենթակա ուղղությունները։
Քոլեջը դեռևս չի անցել ինստիտուցիոնալ հավատարմագրում, այդ իսկ հանգամանքով պայմանավորված՝ մշտադիտարկման նպատակն էր տվյալներ հավաքագրել քոլեջում ընթացող գործընթացների, առկա լավագույն փորձի մասին։