Նոյեմբերի 21-ից 23-ը Շվեդիայի, Գոտեմբուրգ քաղաքում «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը մասնակցում է Որակի ապահովման եվրոպական ութերորդ ֆորումին: Որակի ապահովման եվրոպական ֆորումը կազմակերպվել է Մասնագիտական կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA), Եվրոպական համալսարանների ասոցիացիայի (EUA), Եվրոպական ուսանողական միության (ESU) և Բարձրագույն կրթության ինստիտուտների եվրոպական ասոցիացիայի /EURASHE/ կողմից: Տարեկան ֆորումը համախմբում է մասնագիտական կրթության որակի ապահովման ոլորտում բոլոր հիմնական շահառուներին՝ բարձրագույն կրթական հաստատություններ, որակի ապահովման գործակալություններ և ուսանողներ, հնարավորություն տալիս համատեղ քննարկել կրթական ոլորտում առկա խնդիրներն ու իրականացնել փորձի փոխանակում:
Որակի ապահովման եվրոպական ութերորդ ֆորումը կրում է ‹‹Աշխատելով միասին` բարձրացնենք որակը›› (Working together to take quality forward) խորագիրը:
Ռուբեն Թոփչյանը Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալության աշխատակից Միշել Վերայի հետ վարել է աշխատաժողովներից մեկը` «‹‹Հայաստանում որակի ապահովման տեխնիկական աջակցություն›› (ARQATA) ծրագիրը որպես միջազգային որակի ապահովման ծրագիր. համատեղ ջանքեր հետխորհրդային տարածքում» խորագրով: