Մայիսի 21-23-ը Հայաստանը կհյուրընկալի Եվրոպական կրթական հիմնադրամի (ETF) ՄԿՈւ որակի ապահովման ֆորումը:
ՀՀ կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրում նախանշված է մինչև 2030 թվականը շրջանավարտների մասնագիտական զբաղվածության մակարդակը հասցնել մինչև 90%-ի։ Նախանշված ցուցանիշի ապահովումը խթանելու համար ՈԱԱԿ-ի կողմից մշակվել է Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովման մոդելը։ Այն կդիտարկվի Եվրոպական կրթական հիմնադրամի՝ 16 երկրներ ներկայացնող որակի ապահովման փորձագետների կողմից իրականացվող գործընկերային գնահատման ընթացքում։
Ֆորումին ընդառաջ մայիսի 13-ին ձևավորող գնահատմանը նվիրված առցանց հանդիպմանը ՈԱԱԿ մասնագետները ներկայացրին ՀՀ ՄԿՈՒ համակարգը, որակի ապահովման գործընթացները և հավատարմագրման միջոցով ձևավորող գնահատումը խթանող ՈԱԱԿ մոտեցումները։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովման ՈԱԱԿ մոդելը՝ շեշտադրելով գործատուների շարունակական մասնակցությունը լսարանից կարիերա շղթայի իրականացման բոլոր փուլերում։
Աշխատանքին միտված ձևավորող գնահատման որակի ապահովման ՈԱԱԿ մոդելի առանցքում են․
- գործատուների ներգրավվածությունը ուսանողներին տրվող առաջադրանքների և գնահատման չափանիշների մշակման գործում,
- գործատուների ներգրավումը դասավանդման գործընթացում և նրանց կողմից ուսանողներին տրվող արձագանքը,
- ՄԿՈՒ հաստատությունների դասախոսների կարողությունների զարգացումը գործատուների հետ համատեղ վերապատրաստումների կազմակերպման և փորձի փոխանակման միջոցով,
- որակի ներքին ապահովման համակարգի կողմից ձևավորող գնահատման և ուսանողի առաջընթացի վերաբերյալ տվյալների հավաքագրումը։
Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ներկայացրեց ՄԿՈՒ որակի ապահովման համակարգի զարգացման ճանապարհային քարտեզը՝ անդրադառնալով․
- ՈԱԱԿ 15-ամյա գործունեության ազդեցությանը ՄԿՈՒ համակարգի զարգացման վրա,
- Հայաստանում որակի ապահովման համակարգի առանձնահատկություններին,
- ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման չափանիշներին՝ որակավորումների արժանահավատ շնորհումը, հաստատությունների արյունահենք կառավարումը և երկարաժամկետ կայուն զարգացումը խթանելու համար։
ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանն ներկայացրեց.
- ՀՀ ՄԿՈՒ համակարգը, կառուցվածքը,
- պետական քաղաքականությունը ՄԿՈՒ ոլորտում և օրենսդրական կարգավորումները, որակավորումների ազգային շրջանակը,
- աշխատանքի վրա հիմնված կրթության իրականացման փորձառությունը և առկա արդյունքները:
Հանդիպման ընթացքում ETF ներկայացուցիչ, իտալացի փորձագետ Ժոլիեն վան Ուդենը ներկայացրեց ձևավորող գնահատման ETF մոդելը, իրականացման քայլերը և անհրաժեշտ նախադրյալները:
Փորձագետները մայիսի 21-23-ը հանդիպումներ կունենան ՄԿՈՒ ոլորտի քաղաքականության մշակմամբ զբաղվող պետական գերատեսչությունների, ՄԿՈՒ հաստատությունների ներկայացուցիչների, գործատուների, փորձագետների, դասավանդողների հետ։
ՈԱԱԿ առաջարկով գործընկերային գնահատման այցի ընթացքում տեղի կունենան նաև մասնագիտական զրույց-շրջայցեր ուսումնական հաստատություններում՝ դիտարկելու գործատու դասավանդողների ներգրավմամբ ձևավորող գնահատման ընթացքը, ուսանողների մասնագիտական առաջընթացը խթանող առաջադրանքների կատարումը և նրանց տրամադրվող հետադարձ կապը։