Հունիսի 6-7-ին Միացյալ Թագավորության Բաթ Սփա համալսարանում տեղի ունեցավ աշխատաժողով`նվիրված ՏԵՄՊՈՒՍ-ի TNE_QA ծրագրի շրջանակներում տեղի ունեցած տրանսազգային կրթություն մատուցող բուհերի փորձնական արտաքին գնահատման արդյունքներին: Աշխատաժողովին մասնակցել ու զեկույցներով են հանդես եկել նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) մասնագետները:
Երկօրյա միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել տրանսազգային կրթություն իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատությունների որակի ապահովմանը, փորձնական արտաքին գնահատման չափանիշներին և չափորոշիչներին, քննարկվել է դրանց կիրարկումը և բարեփոխման հնարավորությունները:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկույց է ներկայացրել Հայաստանում տրանսազգային կրթության որակի ապահովման ազգային քաղաքականության վերաբերյալ: Իսկ ՈԱԱԿ որակի ներքին ապահովման պատասխանատու, Կենտրոնում TNE_QA ծրագրի համակարգող Անի Մկրտչյանը ներկայացրել է ծրագրի չափանիշների և չափորոշիչների կիրարկումը բուհական մակարդակում` անդրադառնակով որակի ներքին ապահովման մարտահրավերներին որակի արտաքին ապահովման տեսանկյունից:
Վրաստանի Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի ներկայացուցիչներն էլ անդրադարձել են իրենց երկրի փորձին և ծրագրի շրջանակներում գրանցված արդյունքներին:
Փորձնական արտաքին գնահատում անցած հայաստանյան և վրաստանյան բուհերն իրենց հերթին ներկայացրել են արտաքին գնահատման իրենց փորձը և որակի ներքին ապահովման համակարգի հետագա զարգացման հնարավորություններն ու մարտահրավերները:
Ծրագրի արդյունքները վերլուծել ու իրենց մոտեցումն են ներկայացրել նաև բելգիական Կառավարման զարգացման եվրոպական հիմնադրամի (EFMD), UNESCO-ի Կրթության պլանավորման միջազգային ինստիտուտի, Բաթ Սփա համալսարանի և ՄԹ Որակի ապահովման գործակալության մասնագետները:
Աշխատաժողովի արդյունքում ձևավորվել են նաև աշխատանքային խմբեր, որոնք պետք է ավարտեն բուհերի համար տրանսազգային կրթության որակի ապահովման քաղաքականության ուղեցույցի մշակումը:
«Հայաստանում և Վրաստանում տրանսազգային կրթության որակի և ճանաչման խթանում» ծրագրի ընդհանուր նպատակն է խթանել Հայաստանում և Վրաստանում տրանսազգային կրթության որակի բարձրացումը և ճանաչումը` առաջարկելով որակի արտաքին և ներքին ապահովման այնպիսի համակարգեր, որոնք ընդունված ու ճանաչված են տարածաշրջանային մակարդակով և միջազգայնորեն: