«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ) շարունակում է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) անդամակցության դիմելու նախապատրաստական աշխատանքները:
Սեպտեմբերի 29-հոկտեմբերի 2-ը ՈԱԱԿ-ում անցկացվում է աշխատաժողով` նվիրված ինքնավերլուծություն կազմելու ու որակի արտաքին գնահատման ENQA մոտեցումներին: Սա ENQA անդամակցության նախապատրաստական աշխատանքներին նվիրված երկրորդ աշխատաժողովն է:
Ընթացիկ աշխատաժողովին մասնակցում են Միջազգային բիզնեսի կառավարման հավատարմագրման հիմնադրամի հատուկ ներկայացուցիչ (FIBAA) Հայնց Ուլրիխ Շմիդտը, Ֆիննական կրթության գնահատման կենտրոնի (FINEEC) ավագ խորհրդատու Մատի Կաջաստեն, «Հայաստանում բարձրագույն կրթության ոլորտի հզորացում» թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Կարլ Հոլմը, ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը, ինչպես նաև Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման ու Քաղաքականության մշակման և իրականացման բաժինների աշխատակիցները:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվել է ENQA-ի կողմից իրականացվող արտաքին գնահատման գործընթացը, փորձագիտական խմբի կազմման մոտեցումները, ինչպես նաև Ֆիննական կրթության գնահատման կենտրոնի արտաքին գնահատման և ինքնավերլուծություն կազմելու փորձը:
Անդրադարձ կկատարվի նաև Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում որակի ապահովման չափանիշներին և ուղենիշներին համապատասխան ինքնավերլուծության պահանջներին, կքննարկվի ՈԱԱԿ ինքնավերլուծության նախնական տարբերակը: Հայաստանյան և եվրոպացի մասնագետները կանդրադառնան նաև կրթության որակի ապահովման քաղաքականությանը, գործընթացներին և գործողություններին:
Նշենք, որ ՈԱԱԿ-ը 2009-ից ENQA նախնական անդամ է և նախատեսում է 2016-ի սկզբին դիմել լիիրավ անդամակցության համար: Դրա համար ՈԱԱԿ-ը պետք է ինքնավերլուծություն կազմի և միջազգային փորձագիտական խմբի կողմից փորձաքննություն անցնի: