Հունիսի 3-5-ը Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ աշխատաժողով` նվիրված ՏԵՄՊՈՒՍ-ի MathGeAr ծրագրի շրջանակներում մաթեմատիկական կրթության գնահատման մեթոդաբանությանը: Աշխատաժողովի ընթացքում անդրադարձ կատարվեց MathGeAr ծրագրի իրականացմանը և ձեռքբերումներին, կրթական ծրագրերում եվրոպական ինժեներական SEFI ասոցիացիայի կողմից մշակված մաթեմատիկական կոմպետենցիաների ներդրման, դասավանդման պրոցեսում MathBridge տեղեկատվական համակարգի կիրառման հնարավորություններին:
«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամն աշխատաժողովում ներկայացնում էր ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար, ՈԱԱԿ-ում MathGeAr ծրագրի համակարգող Անուշավան Մակարյանը:
MathGeAr–ը Հարավային Կովկասի համալսարաններում STEM մասնագիտությունների համար (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) մաթեմատիկայի դասավանդման ծրագրերի արդիականացմանը միտված եռամյա ծրագիր է (2013-2016): Ծրագրի նպատակն է բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով մաթեմատիկայի բնագավառի կրթական և առարկայական ծրագրերի բովանդակությունը և ուսուցման կիրառվող մեթոդները: Արդյունքում կներդրվեն համադրված ուսուցման նոր սկզբունքներ և տեխնոլոգիաներ, կիրառելով ազգային և եվրոպական լավագույն փորձը՝ մաթեմատիկայի բնագավառում նոր ու ժամանակակից դասընթացների մշակման համար:
Ծրագրի շահակիցներն են Հայաստանից «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը, Հայաստանի պետական մանկավարժական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, ԳԱԱ ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, Վրաստանից Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանը, Բաթումիի Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանը, Վրաստանի տեխնիկական համալսարանը, Վրաստանի համալսարանը, Վրաստանի հետազոտությունների և կրթական ցանցի ասոցիացիան, Կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը, Ֆրանսիայից Լիոնի Քլոդ Բերնարդի անվան համալսարանը, Գերմանիայից Քեմնիցի տեխնոլոգիաների ու Սաարլանդի համալսարանները, Գերմանիայի արհեստական ինտելեկտի ուսումնասիրման կենտրոնը և Ֆինլանդիայից Տամպերեի տեխնոլոգիական համալսարանը:
ՈԱԱԿ-ը, որպես ծրագրի շահակից, մասնակցում է MathGeAr-ի որակի ապահովման գործընթացներին, ինչպես նաև ուղղորդում է, որպեսզի մշակվող կրթական ծրագրերը համապատասխանեն որակի ապահովման չափանիշներին: