Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ աշխատաժողով` նվիրված բուհերի միջազգայնացաման քաղաքականությանը:
ՈԱԱԿ աշխատակիցները ՏԵՄՊՈՒՍ-ի PICASA ծրագրի շրջանակներում ուսումնասիրել են ներկա դրությամբ հավատարմագրման գործընթացն անցած հայաստանյան 15 բուհերի ինքնավերլուծությունները և դուրս բերել միջազգայնացման քաղաքականությանը վերաբերող դրույթները:
Կայացած աշխատաժողովի ընթացքում ՈԱԱԿ-ում PICASA ծրագրի համակարգողներ Անուշ Գասպարյանը և Սուրեն Մխիթարյանը ծրագրի շահակիցներին ներկայացրեցին վերլուծության արդյունքները, դրույթները, որոնք բուհերը կարող են ապագայում կիրառել միջազգայնացման քաղաքականության մեջ, ինչպես նաև միջազգայնացմանը նպաստող գործիքները:
Մասնակիցները քննարկեցին նաև հայաստանյան բուհերի միջազգայնացման քաղաքականությունը`համեմատականներ անցկացնելով ծրագրի շահակից այլ երկրների բուհերի, ինչպես նաև այլ առաջատար համալսարանների փորձի հետ:
PICASA ծրագրի շրջանակներում նմանատիպ հանդիպումներն ու աշխատաժողովները շարունակական կլինեն:
«Արևելյան գործընեկության երկրներում բուհերի միջազգայնացման խթանում մշակութային և կառուցվածքային ադապտացիայի միջոցով» (PICASA) ծրագրի (2013-2016) նպատակն է նպաստել Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ուկրաինայի` Արևելյան գործընկերության տարածաշրջանի բարձրագույն կրթական համակարգի ճանաչմանը` բուհական մենեջմենթի կառուցվածքային ու մշակութային բաղադրիչներում միջազգայնացման զարգացման ու ինտեգրման միջոցով: