Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցավ աշխատաժողով նվիրված բուհերի արդյունավետության ցուցիչների վրա հիմնված պայմանագրերի համակարգի կիրարկման և ֆինանսավորման ելակետային չափանիշներին։ Աշխատաժողովին մասնակցում էին ՈԱԱԿ աշխատակիցները և «YES Armenia» ծրագրի համակարգող Համազասպ Դանիելյանը։
Մելինե Հարությունյանը ներկայացրեց ոլորտի միջազգային փորձը, մեթոդաբանությունը, որը կիրառում է հայաստանյան համակարգի մշակման համար, ինչպես նաև հիմնավորեց համակարգի ներդրման անհրաժեշտությունը ՀՀ-ում։
Մասնակիցները հնչեցրեցին իրենց հուզող հարցերը թեմայի վերաբերյալ։ Այնուհետև քննարկվեցին և հստակեցվեցին համակարգի մշակման ուղղությամբ ձեռնարկվող առաջիկա գործողությունները և ժամկետները։
Մելինե Հարությունյանը «YES Armenia» ծրագրի շրջանակներում ՈԱԱԿ-ում աշխատում է բուհերի արդյունավետության ցուցիչների վրա հիմնված պայմանագրերի համակարգի մշակման ուղղությամբ։ Համակարգի ներդրումը և կիրառումը կնպաստի բուհերի ռազմավարությունների համապատասխանեցմանը պետական քաղաքականությանը։
«YES Armenia» ծրագիրն իրականացնում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանում ԵՄ պատվիրակության տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում 20 երիտասարդների ՀՀ-ից և Սփյուռքից հնարավորություն է տրվել 12 ամիս աշխատել պետական գերատեսչություններում։