Կրթության երրորդ աստիճանի որակի ապահովման կարգավորումների շրջանակն են քննարկել «Էրասմուս +»-ի C3QA ծրագրի շահակիցները նոյեմբերի 16-17-ին Ալկալայի համալսարանում տեղի ունեցած աշխատաժողովին։
Աշխատաժողովին մասնակցել են նաև ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՈԱԱԿ-ում C3QA ծրագրի համակարգողներ Լիլիթ Պիպոյանը և Օֆելյա Պետրոսյանը։
Մասնակիցները քննարկել են ասպիրանտական կրթության որակի ներքին ապահովման չափանիշները և ուղենիշները, ինստիտուցիոնալ հավատարմագրման սկզբունքները, ինչպես նաև չափանիշները, որոնցով առաջնորդվելու են որակի ապահովման գործակալությունները։ Ներկայացվել են նաև եվրոպական բարձրագույն կրթական տարածքում գործող չափանիշներն ու չափորոշիչները։
«Եվրոպական ինտեգրմանը համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) եռամյա ծրագիր է (2016-2019 թթ․)։ Նպատակն է մշակել և փորձարկել 3-րդ աստիճանի կրթության՝ մասնավորապես ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության հայեցակարգ և գործիքակազմ, ինչպես նաև գործնական մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հետագայում կկիրառվեն Հայաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում և Ուկրաինայում։