ՏԵՄՊՈՒՍ-ի MathGeAR ծրագրի շրջանակներում հոկտեմբերի 26-29-ը Քեմնիցի տեխնոլոգիական համալսարանում տեղի ունեցավ աշխատաժողով`նվիրված մաթեմատիկայի արդյունավետ դասավանդման մեթոդներին և կրթական ծրագրերին:
Ծրագրի շահակիցների թվում աշխատաժողովին մասնակցում էին նաև ՈԱԱԿ-ում MathGeAr-ը համակարգող մասնագետները:
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց Գերմանիայի Սաքսոնիա նահանգի համալսարաններում կիրառվող Ակադեմիական ուսուցման միասնական օն-լայն պլատֆորմը (OPAL), դրա կիրառությունը մաթեմատիկայի դասավանդման համար և առկա արդյունքները: Աշխատաժողովի մասնակիցները ծանոթացան նաև Քեմնիցի տեխնոլոգիական համալսարանի լավագույն փորձին: MathGeAR-ի շահակիցները ներկայացրեցին ծրագրի շրջանակներում բուհերում իրականացված թեստավորման և հարցումների արդյունքները: Այնուհետև քննարկվեցին առաջիկա անելիքները և միջոցառումները:
MathGeAr-ը եռամյա ծրագիր է (2013-2016), որի նպատակն է Հարավային Կովկասի տարածքում բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով մաթեմատիկայի բնագավառի առարկայական և ուսումնական ծրագրերը, ուսուցման բովանդակությունը և կիրառվող դասավանդման մեթոդները: Արդյունքում կներդրվեն համադրված ուսուցման նոր սկզբունքներ և էլեկտրոնային տեխնոլոգիաներ` կիրառելով ազգային և եվրոպական լավագույն փորձը: