Մայիսի 6-ից 10-ը ԵՄ էրազմուս+ «Աջակցություն անգլերենի միջոցով դասավանդման նորարար մեթոդաբանությանը, մոտեցումներին և դասավանդման գործիքներին՝ կրթության արդյունավետությունը, շարունակականությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով» (SMARTI) ծրագրի շրջանակում Լատվիայի Հանրապետության Ռիգայի տեխնիկական համալսարանում տեղի ունեցավ հնգօրյա վերապատրաստում։
Աշխատաժողովի նպատակը Ռիգայի տեխնիկական համալսարանի անգլերենով դասավանդվող մոդուլների դասավանդմանը, առարկայական ծրագրերի ստեղծմանը, ուսումնական պլանների մշակման գործընթացին ծանոթանալն էր՝ ՀՀ համալսարաններում վերհանված լավագույն փորձն արդյունավետ տեղայնացնելու համար:
Աշխատաժողովին մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի անդամ ԵՄ և ՀՀ բուհերի շուրջ 30 ներկայացուցիչներ։ Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնից հնգօրյա աշխատաժողովներին մասնակցում էին Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Լիանա Ալավերդյանը։
Աշխատաժողովի ընթացքում ծրագրի կառավարման խորհրդի հանդիպման շրջանակներում ՈԱԱԿ մասնագետների կողմից ներկայացվեցին SMARTI ծրագրի շրջանակներում ձևավորված EMI կենտրոնների, փորձարկված EMI մոդուլների արտաքին գնահատման նախնական արդյունքները՝ շեշտադրելով․
- EMI կենտրոնների գործունեության շարունակականության ապահովման երաշխիքների ձևավորումը,
- մարդկային ռեսուրսների ընտրության ու կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,
- EMI կենտրոնների համագործակցության և լավ փորձի տարածման հնարավորությունների ստեղծումը։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցներին ներկայացվեց Ռիգայի տեխնիկական համալսարանի փորձառությունը անգլերենով դասավանդման ուղղությամբ, ուսումնական պլանների մշակումն ու համահնչեցումը եվրոպական որակավորումների շրջանակին, անգլերենով դասավանդման հնարավորությունների կիրառումը միջազգային ուսանողների ներգրավման նպատակով։