Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) մի խումբ մասնագետներ տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ օրերս այցելեցին ԵՊՀ տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետ, որտեղ հանդիպում ունեցան ֆակուլտետի դեկանի, ամբիոնների վարիչների և պրոֆեսորադասախոսական կազմի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ծավալված որակի ապահովման գործընթացները, ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքում տեղի ունեցած փոփոխությունները, առաջիկայում սպասվող ծրագրային աուդիտը և դրա ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքները: Անդրադարձ կատարվեց նաև փորձագետի աշխատանքի առանձնահատկություններին: Պարոն Թոփչյանը ԵՊՀ մասնագետներին կոչ արեց ընդգրկվել ՈԱԱԿ փորձագիտական բազայում և մասնակցել առաջիկայում սպասվող հավատարմագրումներին:
Ֆակուլտետի ղեկավարությունը, բարձր գնահատելով ՈԱԱԿ-ի հետ համագործակցությունը, առաջարկեց առաջիկայում ևս նման հանդիպումներ կազմակերպել՝ քննարկելու կրթության որակի ապահովման նորարարական մոտեցումները: