Նոյեմբերի 10–ին ՈԱԱԿ–ում կայացավ Երևանի հենակետային բժշկական քոլեջի և Մարտունու պետական բժշկական քոլեջի փորձագիտական խմբերի հետ հանդիպումը։ Փորձագետները ՈԱԱԿ տնօրենի և մասնագետների հետ քննարկեցին միջին մասնագիտական բժշկական ուսումնական հաստատությունների գնահատման առանձնահատկությունները։
Հանդիպման երկրորդ հատվածում անդրադարձ կատարվեց պետական կրթական չափորոշիչներին, քոլեջներում դրանց տեղայնացմանը, գործատուների ներգրավմանը դասավանդման գործընթացներում, ինչպես նաև նրանց հետ ռեսուրսների համատեղ օգտագործմանը։
Անդրադառնալով կրթական ծրագրերի լավագույն փորձի և առկա մարտահրավերների բացահայտմանը՝ ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ընդգծեց մի քանի կարևոր գաղափարներ․
- Արդյո՞ք ՄԿԾ–ի յուրաքանչյուր դասընթաց հստակ պլանավորված է․ ամեն դասի ավարտին դասախոսը, առաջնորդվելով իր պլանով, վերլուծում է՝ ի՞նչ սովորեցրեց ուսանողին, ի՞նչ չհասցրեց անել դասի շրջանակներում, որո՞նք էին պատճառները։
- Արդյո՞ք ուսումնական գործունեության և ակնկալվող արդյունքների ձեռքբերման համար կիրառվում են համապատասխան ռեսուրսներ։ Ինչպե՞ս է քոլեջն օգտագործում գործատուների հետ կապերը նոր ռեսուրսների ներգրավման համար։
- Արդյո՞ք հանձնարարակններն ապահովում են աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստում։
Այսօր վերանայված և բարելավված մասնագիտական կրթական ծրագրերը վաղը թողարկելու են աշխատաշուկայի պահանջները բավարարող, խնդիրների նորարարական լուծումներ փնտրող մասնագետներ։ Այս մշակույթը հայաստանյան կրթությունը դարձնելու է իրապես մրցունակ և գրավիչ ինչպես միջազգային ուսանողների, այնպես էլ գործատուների համար։
Նշենք՝ փորձագիտական այցերը տեղի կունենան նոյեմբերի 14–17–ն ընկած ժամանակահատվածում։