«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը ապրիլի 23-24 Փարիզում մասնակցեց Բարձրագույն կրթական հաստատություններում որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի /ENQA/ կողմից կազմակերպված «ՈԱ-ի ազդեցությունը եւ կազմակերպությունների անկախությունը» ֆորումին: Ֆորումի ժամանակ քննարկվեցին որակի ապահովման ազդեցության և կազմակերպության անկախությանը վերաբերող հարցեր: Մասնակիցները քննարկումների ժամանակ արտահայտեցին իրենց մոտեցումները վերոգրյալի վերաբերյալ: Որակի ապահովման կազմակերպության անկախության վերաբերյալ նիստեր վարեցին Ռ. Թոփչյանը, Բրունո Կուրվալը, Ֆիլիպ Նեդելեն: Ռ. Թոփչյանը ներկայացրեց որակի ապահովման կազմակերպության անկախության կարևորությունը՝ միևնույն ժամանակ անդրադառնալով եղած առանձնահատկույթուններին ազգային մակարդակում: Ռ. Թոփչյանն իր խոսքում նշեց, որ անկախությունը վստահության նախադրյալն է՝ հատուկ ընդգծելով այն ներդաշնակությունը, որը պետք է լինի կազմակերպությունների, կառավարության եւ հաստատությունների միջև: Նա մանրամասն ներկայացրեց հետսովետական երկրների առանձնահատկությունները և խնդիրները՝ շեշտելով, որ բոլոր փոփոխությունները պետք է դիտարկվեն ազգային կրթական համակարգի ամրապնդման համար, այնուհետև նպաստեն ճանաչմանը: Բոլոր մասնակիցները համաձայնեցին, որ եվրոպական պահանջը միանվագ չի կարող լինել հետսովետական երկրների համար, և առաջարկեցին հարցի լուծմանն աստիճանաբար անդրադառնալ:
Մասնակից երկրների ներկայացուցիչները արտահայտեցին իրենց մոտեցումները անկախության վերաբերյալ, մասնավորապես՝ Ֆրանսիան կարևորեց անկախության գաղափարը անկախ փորձագետների ընտրության հարցում: