«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը շարունակաբար իր խորհրդատվական աջակցությունն է ցուցաբերում ՀՀ բուհերին՝ հաղթահարելու որակի ապահովման գործընթացի ընթացքում ի հայտ եկած խնդիրներն ու խոչընդոտները: ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և քաղաքականության մշակման ու իրականացման վարչության ղեկավար Սուսաննա Կարախանյանը այս շաբաթվա ընթացքում ոչ պաշտոնական հանդիպումներ են ունեցել Երևանի պետական բժշկական համալսարանի, Երևանի պետական ճարտարագիտական համալսարանի անձնակազմի հետ: Հանդիպման նպատակն էր ուղղորդել վերջիններիս ինքնավերլուծության զեկույցի պատրաստման հարցերում: Ռ. Թոփչյանը և Սուսաննա Կարախանյանը այցելել են նաև Ոստիկանության ակադեմիա, որտեղ հանդիպում են ունեցել գեներալ-լեյտենանտ Հովհաննես Վարյանի և անձնակազմի հետ: Հանդիպման ժամանակ ներկայացվել են հավատարմագրման գործընթացի առավելություններն ու առանձնահատկությունները ՀՀ-ում, հանգամանորեն ներկայացվել են որակի ներքին ապահովման համակարգի ներդրման առավելությունները և յուրաքանչյուր հարցին տրվել են սպառիչ պատասխաններ: