Փորձարկվել են ՈԱԱԿ-ի մշակած ասպիրանտական կրթության որակի ապահովման չափանիշները և չափորոշիչները, մշակվել են Հայաստանում ասպիրանտական կրթությունը կարգավորող իրավական շրջանակի բարելավման առաջարկներ, պատրաստվել է համապարփակ զեկույց մեր երկրում ասպիրանտական կրթության վերաբերյալ․ սրանք մի քանիսն են «Էրազմուս+» C3QA ծրագրի ձեռքբերումներից։
Այսօր Հայաստանում Ֆրանսիական համալսարանում ընթանում է C3QA ծրագրի ամփոփիչ համաժողովը, որի ընթացքում ծրագրի շահակից երկրների ներկայացուցիչները կպատմեն, թե ինչ ձեռքբերումներ են ունեցել համատեղ աշխատանքի երեք տարիների ընթացքում և ինչպիսին է ծրագրի ազդեցությունն իրենց կրթական համակարգի վրա։
Համաժողովի ընթացքում անդրադարձ կկատարվի կրթության 3-րդ աստիճանի կազմակերպմանը և որակի ապահովմանը Իսպանիայում, Ֆրանսիայում և Լեհաստանում, կքննարկվեն Հայաստանի, Ղազախստանի, Մոնղոլիայի և Ուկրաինայի պետական քաղաքականությունը և առկա մարտահրավերները ասպիրանտական կրթության ոլորտում։
Համաժողովի ընթացքում զեկույցով հանդես կգա նաև ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը՝ ներկայացնելով որակի արտաքին ապահովման համակարգը մեր երկրում և մասնավորապես ասպիրանտական կրթության ոլորտում։
«Եվրոպական ինտեգրմանը համահունչ բարձրագույն կրթության 3-րդ աստիճանի որակի ապահովման համակարգի ներդրում՝ խթանելու հետազոտությունների միջազգայնացումը» (C3QA) եռամյա ծրագիր է, որի նպատակն է մշակել և փորձարկել 3-րդ աստիճանի կրթության՝ մասնավորապես ասպիրանտական ծրագրերի որակի ապահովման քաղաքականության հայեցակարգ և գործիքակազմ, ինչպես նաև գործնական մեխանիզմներ և ընթացակարգեր, որոնք հետագայում կկիրառվեն Հայաստանում, Ղազախստանում, Մոնղոլիայում և Ուկրաինայում։