Կրթության որակի ապահովման շաբաթվա շրջանակներում այսօր Հյուսիսային համալսարանում ամփոփվեցին «ՀՀ մասնագիտական կրթության որակի ապահովման համակարգերի մշակում և բարելավում» թեմայով եռափուլ վերապատրաստումների արդյունքները: Ծրագրի շրջանակներում վերապատրաստում են անցել բուհերի 400 աշխատակիցներ:
Ներկաներին ողջույնի խոսք հղեցին ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Հյուսիսային համալսարանի պրոռեկտոր Գրիգորի Ասատրյանը:
ՈԱԱԿ աշխատակիցներ Վարդուհի Գյուլազյանը և Անի Մկրտչյանը զեկույցի տեսքով ներկայացրեցին վերապատրաստումների գործընթացը, արդյունքները և մասնակիցների արձագանքը դասընթացին: Այնուհետև քննարկվեց եռափուլ վերապատրաստումների ազդեցությունը որակի ներքին ապահովման համակարգերի զարգացման վրա: Մասնակիցները ներկայացրեցին, թե վերապատրաստումների ընթացքում ստացած գիտելիքներն ինչպես են կիրառել ու ինչպես են իրականացրել փորձի փոխանակում իրենց բուհերում: Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվեցին որակի ապահովման աջակցի հավաստագրեր:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-5-ը ՈԱԱԿ-ը հայտարարել է կրթության որակի ապահովման շաբաթ, որի շրջանակներում դեկտեմբերի 4-5-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) տեղի կունենա «Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» շահակիցների երրորդ համաժողովը:
«Որակի մշակույթի ամրապնդումը ՀՀ մասնագիտական կրթական համակարգում. որակավորումների ճանաչման ապահովումը» համաժողովի իրականացմանն աջակցում են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Երևանի «Հայբուսակ» համալսարանը, Սբ. Թերեզայի անվան բժշկական համալսարանը, «Տեմպուս»-ի ARARAT, ALIGN, և TNE-QA ծրագրերը:
«Որակի ապահովման շաբաթի» ինֆորմացիոն հովանավորներն են Հանրային ռադիոն, «Առավոտ» օրաթերթը և «Անկախ» շաբաթաթերթը:
Որակի ապահովման շաբաթի մասին մանրամասների համար կարող եք այցելել www.anqa.am/qweek կայքէջ: