ՈԱԱԿ աշխատակազմն ամփոփեց 2019-ին բուհերում իրականացված մշտադիտարկումների արդյունքները և հստակեցրեց ընթացիկ տարվա մշտադիտարկման հիմնական շեշտադրումները։
ՀՀ կառավարության հաստտաած «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի ոչ ֆինանսական գործունեության ծրագրի համաձայն ՈԱԱԿ-ն իրականացնում է մասնագիտական ուսումնական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգերի մշտադիտարկում՝ վեր հանելու հնարավոր խնդիրները և մատնանշելու բարելավման ուղղությունները։
Նախորդ տարվա մշտադիտարկումների արդյունքում պարզվել է, որ հավատարմագրված բուհերը հիմնականում առաջնորդվում են բարելավման գործողությունների պլանով, մշակել են իրենց գործընթացների արդյունավետության գնահատման գործիքներ և մեխանիզմներ, քայլեր են արվել մասնագիտական կրթական ծրագրերի գնահատման ուղղությամբ, ավելացել է շահակիցների ներգրավվածության աստիճանը։ Արձանագրվել են մի շարք խնդիրներ, այդ թվում՝ գործընթացները միշտ չէ, որ ամբողջությամբ իրականացվում են որակի ապահովման պլանավորում-իրագործում-գնահատում-բարելավում շրջափուլով, միջնաժամկետ և կարճաժամկետ պլանավորումը երբեմն չի համապատասխանում երկարաժամկետ պլանավորմանը, բացակայում են հետազոտության և ուսումնառության կապն ապահովող մեխանիզմները։
Իսկ ահա ինստիտուցիոնալ հավատարմագրում չանցած բուհերի մշտադիտարկման արդյունքում պարզվել է, որ այդ ուսումնական հաստատություններում դեռևս չի ձևավորվել որակի ապահովման համակարգ, չեն իրականացվում որակի ապահովման կանոնակարգված գործողություններ, որոշ դեպքերում այդ բուհերը չունեն հստակ առաքելություն, ռազմավարություն, հետևաբար նաև ռազմավարական կառավարում, չկան կրթական ծրագրերի մշակման և բարելավման մեխանիզմներ և այլն։
Կարևորելով մշտադիտարկման դերը կրթության որակի ապահովման գործընթացներում՝ ՈԱԱԿ-ն այսուհետ հավատարմագրված բուհերում մշտադիրատկման խմբում կներգրավի փորձագետ։ Կգնահատվի բարելավման պլանի իրագործման առաջընթացը, հավատարմագրման կամ վերահավատարմագրման փուլում գտնվող բուհերի դեպքում նաև կուսումնասիրվեն էլեկտրոնային հարցաշարերի տվյալները և ՄԿԾ-ները, կանցկացվեն դասալսումներ։
Հավատարմագրում չանցած բուհերում ևս անհրաժեշտության դեպքում կարող է ներգրավվել փորձագետ։ Այստեղ մշտադիտարկման ընթացքում կդիտարկվեն իրականացվող որակի ապահովման գործընթացները, էլեկտրոնային հարցաշարերի տվյալները և ՄԿԾ-ները, կդիտարկվեն դասընթացները և ավարտական քննությունները։
Այս տարվանից սկսած ՈԱԱԿ-ը մշտադիտարկումներ կիրականացնի նաև քոլեջներում։ ՄԿՈՒ հաստատություններում մշտադիտարկման արդյունքների հիման վրա նաև փորձնական արտաքին գնահատում կիրականացվի՝ այդպիսով քոլեջներին նախապատրաստելով ինստիտուցիոնալ հավատարմագրմանը։
Նշենք, որ ընթացիկ տարում ՈԱԱԿ-ը մշտադիտարկումներ կանցկացնի 5 չհավատարմագրված և 10 հավատարմագրված բուհերում, ինչպես նաև 10 քոլեջներում։