Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը փորձագետներն ամփոփեցին հայաստանյան երեք բուհերում իրականացրած մասնագիտության կրթական ծրագրերի արտաքին գնահատման նախնական արդյունքները:
ՏԵՄՊՈՒՍ-ի ALIGN ծրագրի շրջանակներում տեղացի ու միջազգային փորձագետներից կազմված խումբը ընդհանուր 6 մասնագիտությունների կրթական ծրագրերի արտաքին գնահատում է իրականացրել Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայում, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում և Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանում:
Դիտարկվող մասնագիտությունների կրթական ծրագրերի ինքնավերլուծությունն ուսումնասիրելուց և բուհեր այցելելուց հետո փորձագետներն ամփոփել են նախնական արդյունքները: Առաջիկա ամսվա ընթացքում փորձագիտական խումբը բուհերին կներկայացնի զեկույց, որը կմատնանշի ծրագրերի ուժեղ և թույլ կողմերը, կմատուցի խորհրդատվություն բարելավմանուղղությամբ:
ALIGN ծրագրի արդյունքների հիման վրա ՈԱԱԿ-ը կկազմի նաև ազգային զեկույց, որը կներկայացնի ՈԱՇ-ի և վերջնարդյունքների համապատասխանեցման լավագույն փորձը: Զեկույցի նպատակն է նպաստել ձեռք բերված առաջավոր փորձի վերհանմանը և տարածմանը հայաստանյան բարձրագույն կրթության համակարգում:
ՈԱԱԿ-ում կայացած հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ազգային զեկույցի կազմման աշխատանքների ընթացքը:
«Ակադեմիական ծրագրերի և որակավորման շրջանակների միջև համապատասխանության ուսումնասիրություն և հաստատում»-ը (ALIGN) եռամյա ծրագիր է, որի նպատակն է ապահովել որակավորումների համապատասխանությունը, փոխանցելիությունը և հասկանալիությունը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների համար ներդնելով և զարգացնելով մեխանիզմներ, որոնց միջոցով հնարավոր կլինի հասնել որակավորումների շրջանակի և կրթական ծրագրերի համապատասխանությանը: