Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ) հունիսի 10-ին մասնագիտության կրթական ծրագրերի մշտադիտարկում իրականացրեց Երևանի պետական բժշկական համալսարանում։
Մշտադիտարկման շրջանակներում ՈԱԱԿ ներկայացուցիչները մասնակցեցին ամփոփիչ ատեստավորման քննություններին: Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում ապագա բժիշկները հաջորդաբար ցուցադրեցին մասնագիտական գործունեությանը վերաբերող անհրաժեշտ հմտությունները՝ այդ նպատակի համար օգտագործելով վարժասարքեր, մուլյաժներ, ֆանտոմներ, սիմուլյատորներ, բժշկական սարքավորումներ, լաբորատոր տվյալներ, ռենտգենագիր, դեղահումք, ազդանյութեր և այլն:
Ստոմատոլոգիական ֆակուլտետի ուսանողները գործնական հմտությունների գնահատման հնարավորություն ունեին՝ օգտվելով համալսարանի ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնի ընձեռած հնարավորություններից և վարժասարքերից:
ՈԱԱԿ մասնագետները մասնակցեցին նաև ամփոփիչ ատեստավորման տեսական հատվածին, ինչպես նաև բուհում տեղի ունեցող ընթացիկ էլեկտրոնային թեստային քննություններին:
Կրթական ծրագրերի պատասխանատուների և դասախոսների հետ ընթացիկ քննարկումների ընթացքում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանի կողմից շեշտադրվեց հատկապես գնահատման տարաբնույթ մեթոդների կիրառումից առաջ գնահատման տվյալ համակարգի համար նախատեսված վերապատրաստումների անհրաժեշտությունը պրոֆեսորադասախոսական կազմի համար, մասնագիտական հմտությունների և կարողությունների ձևավորմանն ուղղված հանձնարարականների հստակ ձևակերպումը և ըստ հանձնարարականների՝ չափելի պահանջների սահմանումը: Կարևորվեց նաև մասնագիտական մտածողության ձևավորումը, տեսական և գործնական դասընթացների բաշխումն ու վերջնարդյունքների ապահովումը՝ հաշվի առնելով բժշկական ուսումնական հաստատության առանձնահատկությունները:
ԵՊԲՀ պրոռեկտորների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին բուհի առաջիկա զարգացման ուղղությունները, համավարակով պայմանավորված մասնագիտության կրթական ծրագրերում տեղի ունեցած վերապլանավորումները, գնահատման համակարգում նախատեսվող փոփոխությունները, ծրագրային հավատարմագրմանն ուղղված բուհի գործողությունները, ռեսուրսների բարելավման և որակի ապահովման առաջիկա մարտահրավերները: