Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանն այսօր ընդունեց Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տեխնիկական խորհրդատու Սեզար Դրագուտանին, կարողությունների զարգացման խորհրդատու Վլադիմիր Գասկովին և ԱՄՆ ՄԶԳ-ում ծրագրերի համակարգող Կարինե Սիմոնյանին։
Հյուրերը տեղեկացրեցին, որ հետաքրքրված են Հայաստանում մասնագիտական կրթության և աշխատուժի ռազմավարական պլանավորման խնդիրներով, և ցանկանում են տեղեկանալ ՈԱԱԿ-ի՝ մասնագիտական կրթության որակի ապահովման մեթոդաբանությանը և ցուցիչներին։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը հյուրերին ներկայացրեց Հիմնադրամի գործունեությունը, հավատարմագրման գործընթացը, իրականացված ինստիտուցիոնալ հավատարմագրումները և առկա արդյունքները, ծրագրային հավատարմագրման նախապատրաստական աշխատանքները և սպասվող առաջին շրջափուլը, որը նախատեսվում է իրականացնել 2019-2022թթ․։ Անդրադարձ կատարվեց նաև հավատարմագրման չափանիշներին և չափորոշիչներին, պրակտիկ և տեսական կրթության արդյունավետ համադրության եղանակներին, կրթական գործընթացներում գործատուներին ներգրավելու մեթոդաբանությանը, ինչպես նաև STEM (բնագիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, մաթեմատիկա) մասնագիտությունների խրախուսման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։
Պարոն Թոփչյանը ներկայացրեց նաև ՈԱԱԿ մշակած «Բուհերի կառավարման արդյունավետության ցուցանիշների ներդրման հայեցակարգը», որը հնարավորություն կտա փոխկապակցել պետության սահմանած առաջնահերթությունները և բուհերի գործունեությունը։
Անդրադարձ կատարվեց նաև միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների հավատարմագրմանը, շեշտադրվեց քոլեջների ինքնավարության պակասը և դրա առկայության կարևորությունը։