Երևանում սեպտեմբերի 22-23-ին կայացավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման առկա խնդիրները և զարգացման հեռանկարները ՀՀ -ում» խորագրով երկօրյա համաժողովը։ Այն կազմակերպել էր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ)։ Սա մեր երկրում մասնագիտական կրթության որակի խնդիրներով մտահոգ հանրության՝ շահակիցների լայն ընդգրկմամբ՝ շուրջ 300 մասնակից, առաջին համաժողովն էր։ Մասնակցում էին բուհերի, նախանական ու միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ղեկավարներ, դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև գործարարներ, կրթության, գիտության ու տնտեսության ոլորտի գերատեսչական պատասխանատուներ, ազգային ու միջազգային փորձագետներ։
Բացման խոսքում ՈԱԱԿ-ի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշեց, որ այս նախաձեռնությամբ կենտրոնը համատեղ աշխատանքելու մշակույթի սկիզբն է դնում՝ պասխանատվությունը միասին ստանձնելու ու համակարգում առկա խնդիրներին միասնաբար լուծումներ տալու համար։
ՀՀ վարչապետի անունից համաժողովին մասնակիցներին ողջունեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն։ Նա ասաց, որ ՀՀ կառավարությունը կենսական է համարում մասնագիտական կրթության համակարգում որակի ապահովման ժամանակակից մեխանիզմների ներդրումն ու հստակեցումը: Ա. Աշոտյանը ներկաներին վստահեցրեց, որ ՈԱԱԿ-ն արդեն բավականին մեծ քայլեր է կատարել Հայաստանում մասնագիտական կրթության որակի ապահովման ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման համար, ու դեռ բավական անելիքներ կան:
Համաժողովի առաջին օրվա ընթացքում ելույթ ունեցան միջազգային փորձագետներ Ռ. Հոյսերը և Վ. Ռատգերսը։ Նրանք ներկայացրեցին «Բոլոնիայի գործընթացը և որակի ապահովման զարգացումները Եվրոպայում», «Ենթակառուցվածքային փորձաքննություն», «Մասնագիտության կրթական ծրագրի հավատարմագրում» թեմաներով զեկույցներ։
Հայաստանում մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային շրջանակը ներկայացրեց ՈԱԱԿ տնօրեն Ռ.Թոփչյանը։ Նա առանձնացրեց որակի շրջանակի հիմնական դերակատարներին, որոնք են աշխատաշուկան, ՄՈՒՀ-երը։ Մասնագիտական կրթության պատվիրատու և իրականացնող այս շրջանակում որակի ապահովման առումով կարևոր դերակատարություն ու առաքելություն է ստանձնել նաև ՈԱԱԿ-ը․կենտրոնը դառնալու է նրանց կապող օղակը։ Ռ․Թոփչյանը նկարագրեց նաև որակի ապահովման այն մոտեցումներն ու մեխանիզմները, որոնք թույլ կտան որակը դարձնել կառավարելի։ Իսկ որակի ապահովման գործընթացի մասին ասաց, որը դա նախատեսվում է իրականացնել ինստիտուցիոնալ փորձաքննության և ծրագրային հավատարմագրման միջոցով։ Ինստիտուցիոնալ փորձաքննության ժամանակ, որը ՈԱԱԿ-ն առաջարկում է որպես պարտադիր գործընթաց, ուշադրության կենտրոնում լինելու է կրթական գործընթացի կազմակերպումը՝ յոթ ուղղություններով։ Ինստիտուցիոնալ փորձաքննությունից հետո միայն ենթադրվում է ծրագրային հավատարմագրման գործընթաց՝ կամավորության սկզբունքով։
«ՈԱԱԿ-ի ռազմավարական ուղղությունները» ներկայացրեց ՈԱԱԿ-ի քաղաքականության մշակման ու իրականացման բաժնի ղեկավար Սուսաննա Կարախանյանը։ Նա հատկապես կարևորեց որակի ապահովման գործընթացի իրականացումը՝ միջազգայնորեն ճանաչելի չափանիշներով ու չափորոշիչներով, ինչը կապահովի մեր երկրի կրթության համադրելիությունը և ճանաչումը Եվրոպական կրթական դաշտում։ Այս կարևոր ռազմավարական խնդրի լուծման համար էլ կրթության որակի ապահովման ազգային համակարգի նոր մոտեցումները ՈԱԱԿ-ը մշակվել է որակի ապահովման եվրոպական չափանիշների և չափորոշիչների հիման վրա։ Ս․Կարախանյանը խոսեց նաև ՈԱԱԿ-ի իրականացրած փորձնական ծրագրի արդյունքների մասին՝ նշելով, որ այն ցույց տվեց մեր ուսումնական հաստատությունների պատրաստակամությունն ու ներուժը՝ ընդառաջ գնալու որակի ապահովման նոր մոտեցումներին։
Համաժողովի առաջին օրվա ավարտին տեղի ունեցավ քննարկում, որի ժամանակ մասնակիցները բարձրացրեցին մի շարք հարցեր, ինչպես օրինակ՝ դասախոսների վերապատրաստման ու ատեստավորման, հարատև կրթության ու որակավորումների հավատարմագրման, իրավական դաշտի կանոնակարգման անհրաժեշտության մասին։
Համաժողովի երկրոդ օրը կազմակերպվեցին խմբային քննարկումներ՝ «Ինստիտուցիոնալ փորձաքննություն, ծրագրային հավատարմագրում, մասնագիտական կրթական հաստատությունների որակի ներքին ապահովման համակարգ» թեմաներով։ Բոլոր խմբերում տեղի ունեցան մասնագիտական կրթության որակի ապահովմանը խոչընդոտող խնդիրների շուրջ ակտիվ քննարկումներ։ Հատկապես խոսվեց ուսումնական հաստատություններում որակի ապահովման կառույցների աշխատանքի ու նրանց պատասխանատվության շրջանակի, բուհերում կոռուպիոն ու այլ բացասական երևույթների կանխման ուղղությամբ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման, ծրագրային հավատարմագրման խնդիրների ու մասնավորապես, հավատարմագրման որոշման կայացման գործընթացի մասին։
Ի վերջո, ամփոփելով քննարկումները՝ համաժողովի մասնակիցները նշում էին, որ այն լավ սկիզբ էր շահակիցների միջև երկխոսության համար։ Իսկ ՈԱԱԿ-ի տնօրեն Ռ․ Թոփչյանն իր ամփոփիչ խոսքում շնորհակալություն հայտնելով արդյունավետ աշխատանքի համար՝ տեղեկացրեց, որ ներկայացված նախագծերի շուրջ առանձին խմբերով քննարկումները կշարունակվեն հոկտեմբեր ամսվա ընթացքում։