ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ստացավ պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։ Այսօր տեղի ունեցած նիստում նման որոշում կայացրեց Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի հավատարմագրման հանձնաժողովը։
Մինչ որոշման կայացումը ուսումնական հաստատությունում արտաքին գնահատում իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Գագիկ Քթրյանը ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, բուհի կազմած փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագրի իրատեսականությունը:
Հանձնաժողովը հարցեր ուղղեց փորձագիտական խմբի ղեկավարին և բուհի ներկայացուցիչներին, այնուհետև տեղի ունեցավ դռնփակ քվեարկություն:
Հավատարմագրում ստանալուց հետո բուհը կսկսի իրագործել փորձագետների մատնանշած թերությունների վերացման ծրագիրը՝ բարելավման ընթացքի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություն ներկայացնելով ՈԱԱԿ-ին։
Հավատարմագրումը շրջափուլային գործընթաց է, որի նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին:
Հավատարմագրված բուհերի մասին ամբողջական ինֆորմացիան հասանելի է Հավատարմագրման պետական գրանցամատյանում։