Հունվարի 15-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգային հարցերից մեկն ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր։
Հարցի քննարկման ընթացքում հանձնաժողովի անդամները սահմանված կարգով քննարկեցին ՄՈՒՀ-ի արտաքին գնահատման փորձագիտական զեկույցը, դրական և բացասական գնահատված տիրույթները, դրանցում առկա խնդիրներն ու ձեռքբերումները։ Մանրակրկիտ քննարկվեց, թե նախորդ հավատարմագրումից ի վեր ինչ առաջընթաց է ունեցել ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան, ինչ քայլեր են ձեռնարկվել նախորդ փորձագիտական խմբի կողմից մատնանշված խնդիրների լուծման ուղղությամբ և ինչպիսին են արդյունքները։ Անդրադարձ կատարվեց նաև ՄՈՒՀ-ի բարելավման ծրագրին և դրա իրատեսականությանը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Նշենք, որ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 2017-ին ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։