ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հանդիպում ունեցավ «YES Armenia» ծրագրի մասնակիցների հետ, որոնք ներգրավված են Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ), Գիտության պետական կոմիտեի (ԳՊԿ) և Գիտական ծրագրերի ինտեգրմանն աջակցության կենտրոնի (ԳԾԻԱԿ) աշխատանքներում։
Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած հանդիպմանը մասնակցում էին նաև ՈԱԱԿ, ԳՊԿ և ԳԾԻԱԿ տնօրեններ Ռուբեն Թոփչյանը, Սամվել Հարությունյանը և Մկրտիչ Կիրակոսյանը, ինչպես նաև ներկայացուցիչներ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնից, «YES Armenia» ծրագրից և այլք ։
«YES Armenia» ծրագրի մասնակիցները ներկայացրեցին, թե ինչ հանձնարարականներ են ստացել և ինչ հետազոտություններ են իրականացնում։ Քննարկվեցին, թե հանձնարարականներն որքանով են արդիական հայաստանյան գիտակրթական համակարգի համար։
ՈԱԱԿ-ից Մելինե Հարությունյանը ներկայացրեց, որ բուհերի արդյունավետության ցուցանիշների մշակման ուղղությամբ է աշխատում, որը կնպաստի բուհերի ռազմավարությունների համապատասխանեցմանը պետական քաղաքականությանը։
ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը, երիտասարդ մասնագետների հետազոտությունների ուղղություններն արդիական համարելով, կարևորեց, որ մեկամյա ծրագրի արդյունքում ներկայացվող հետազոտությունները և առաջարկվող լուծումները լինեն հնարավորինս գործնական և կիրառելի։
«YES Armenia» ծրագիրն իրականացնում է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնը Հայաստանում ԵՄ պատվիրակության տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ։ Ծրագրի շրջանակներում 20 երիտասարդների ՀՀ-ից և Սփյուռքից հնարավորություն է տրվել 12 ամիս աշխատել պետական գերատեսչություններում։