ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի շրջանակներում նոյեմբերի 14-29-ը շահակիցների համար ճանաչողական այց էր կազմակերպվել դեպի եվրոպական առաջատար բուհեր: «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամից այցին մասնակցել են հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՈԱԱԿ-ում ծրագրի համակարգող Լիլիթ Պիպոյանը:
Ճանաչողական այցի շրջանակներում ծրագրի շահակիցներն այցելել են Շվեդիայի Տեխնոլոգիաների KTH թագավորական ինստիտուտ, Իսպանիայի Ջիրոնա, Մեծ Բրիտանիայի Բաթ Սփա և Գերմանիայի Հեյդելբերգ համալսարաններ:
Այցի շրջանակներում յուրաքանչյուր բուհում տեղի է ունեցել աշխատաժողով, որտեղ ներկայացվել է տվյալ երկրի բարձրագույն կրթության համակարգը, կրթության որակի ապահովման մոտեցումները, ինչպես նաև մանրակրկիտ քննարկվել է հետբուհական կրթության կազմակերպման այդ երկրի փորձը, անդրադարձ է կատարվել բուհերում հետազոտական բաղադրիչին, նորարարությունների ներդրմանը և այլն:
VERITAS-ը (Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում) ՏԵՄՊՈՒՍ-ի եռամյա դրամաշնորհային ծրագիր է, որը մեկնարկել է 2014թ.-ի սկզբին: Ծրագրի նպատակն է բարելավել Հայաստանի ասպիրանտական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբուքներին: