Նոյեմբերի 18-21-ը Վիլնյուսում կայացավ «T-GREEN» նախագծի շրջանակներում կազմակերպված աշխատաժողովը, որը նվիրված էր «կանաչ» համատեղ կամ կրկնակի մագիստրոսական կրթական ծրագրերի մշակմանը։ Աշխատաժողովում ՈԱԱԿ-ը ներկայացնում էին Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը և Քարտուղարության մասնագետ Լիլիթ Ղազարյանը։
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին մի շարք մեթոդական հարցեր՝ ներառյալ արդյունքահեն կրթության սկզբունքների ներդաշնակեցումը, կրթական ծրագրերի կայունության ապահովումը, նորարարական մոդուլների մշակումը և գնահատման մեթոդների կատարելագործումը: Մասնակիցները ներկայացրին իրենց մշակած կրթական ծրագրերի նախնական փաթեթները, որոնք ներառում են «Կանաչ տնտեսություն և կառավարում», «Բլոկչեյն և թվային արժույթներ» և «Կայուն քաղաքներ» ուղղությունները։
ԵՄ գործընկերները ներկայացրին կրկնակի դիպլոմի ծրագրերի մշակման իրենց փորձը՝ ընդգծելով համատեղելիության ապահովման և ուսումնական արդյունքների բարելավման կարևորությունը։
T-GREEN նախագիծը, որն սկսվել է 2023 թվականին, նպատակ ունի խթանել բարձրագույն կրթության համակարգի արդիականացումը՝ բուհերին հնարավորություն տալով անցում կատարել ավանդական կրթական ծրագրերից դեպի ապագային միտված, կանաչ և միջառարկայական ուսումնական մոտեցումներ։
Նախագծի հիմնական նպատակն է ազգային և ինստիտուցիոնալ վարչական կազմի, որոշումներ կայացնողների, քաղաքականություն մշակողների, մանկավարժների, հետազոտողների և ուսանողների մոտ այնպիսի կարողությունների զարգացումը, որոնց միջոցով նշված դերակատարները կկարողանան կայուն զարգացման նպատակները և բնապահպանական խնդիրները ինտեգրել քաղաքականության և կրթական բովանդակության մեջ։