Փետրվարի 5-ին տեղի ունեցավ Եվրամիության Էրազմուս+ SMARTI (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) ծրագրի արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խմբի առցանց աշխատաժողովը, որի ընթացքում ՈԱԱԿ մասնագետները ներկայացրին EMI կենտրոնների արտաքին գնահատման գործընթացը, փորձաքննության փուլերը, գործընթացից ակնկալվող արդյունքները։
Արտաքին գնահատում իրականացնող փորձագիտական խումբը կազմված է ծրագրի միջազգային և տեղացի մասնակիցներից։ Արտաքին գնահատումը նպատակ ունի․
- աջակցել կենտրոնների շարունակական բարելավմանը,
- նպաստել կենտրոնների կայուն զարգացմանը,
- համոզվել՝ ուսանողների համար կրթությունը իրականացվում է այնպիսի մեթոդներով, որոնց արդյունքում շրջանավարտը կկարողանա աշխատել միջազգային աշխատաշուկայում։
Գործընթացի հիմքում ընկած է լինելու EMI կենտրոնների կողմից իրականացված SWOT վերլուծությունը և ինքնավերլուծությունը։ Առաջիկայում փորձագիտական խմբերը կուսումնասիրեն իրականացված ինքնավերլուծությունները։ Նախնական գնահատման գործընթացին կհաջորդի փորձագիտական առցանց այցը, որի շրջանակներում հանդիպումներ տեղի կունենան բուհերի և EMI կենտրոնների ղեկավարների, դասավանդողների, ուսանողների հետ։ Այցի արդյունքները կամփոփվեն փորձագիտական զեկույցում, որը կներկայացնի կենտրոնների ուժեղ և թույլ կողմերը, խորհրդատվություններ կտրամադրի բարելավման ենթակա ուղղությունների վերաբերյալ։
Նշենք՝ ծրագրի շրջանակում մասնակից բուհերում ստեղծվել են EMI կենտրոններ, որոնց կողմից մշակվել են անգլերենով դասավանդվող 10 մոդուլներ։