Էրազմուս+ SMARTI ծրագրի արդյունքում հայաստանյան 5 բուհ կունենա արտաքին գնահատում անցած EMI (Անգլերենը որպես ուսուցման միջոց) կենտրոն և անգլերենով դասավանդվող երկուական մոդուլ: Գործընթացը համակարգելու է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ):
Հոկտեմբերի 13-ին ՈԱԱԿ-ի կողմից կազմակերպված օնլայն աշխատաժողովի ժամանակ ծրագրի շահակից հայաստանյան բուհերին (ՀՀ ՊԿԱ, ՀԱԱՀ, ՎՊՀ, ՇՊՀ, ԳորՊՀ) ներկայացվեցին գործընթացի մանրամասները և ժամանակացույցը: ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ներկայացրեց EMI կենտրոնների և մոդուլների արտաքին գնահատման գործընթացի առանձնահատկությունները:
Առաջիկա ամիսներին․
- Բուհերն իրենց մոտ ստեղծված EMI կենտրոններում կփորձարկեն ծրագրի շրջանակներում մշակված անգլալեզու մոդուլները:
- Կիրականացնեն SWOT վերլուծություն և ինքնավերլուծություն:
- Շահակից բուհերից ներգրավված փորձագետները կվերապատրաստվեն ՈԱԱԿ-ում:
- Կձևավորվեն փորձագիտական խմբեր, որտեղ ընդգրկված կլինի մեկ միջազգային փորձագետ ծրագրի շահակից օտարերկրյա բուհերից: Փորձագիտական խմբերը գնահատում կիրականացնեն գործընկեր բուհերում՝ դիտարկելով ինքնավերլուծությունը, փաստաթղթերը, այցի ժամանակ հանդիպումներ ունենալով ընտրված կազմի հետ:
- Այցից հետո փորձագետները կկազմեն զեկույց, որտեղ կմատնանշեն EMI կենտրոնների և մոդուլների ուժեղ և թույլ կողմերը, բարելավման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցեն:
- Հաջորդիվ SMARTI ծրագրի ղեկավար կազմը գնահատման մասին որոշում կկայացնի:
SMARTI (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) տարբեր երկրների համագործակցությամբ եռամյա ծրագիր է, որը ձգտում է խթանելու կրթական ծրագրերի անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը ազգային և միջազգային մակարդակով: