SMARTI ծրագրի շահակից բուհերում անգլերենով դասավանդվող մոդուլների ինքնավերլուծության չափանիշներն էին նոյեմբերի 16-ին տեղի ունեցած առցանց աշխատաժողովի օրակարգում:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ու Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանն Էրազմուս+ SMARTI ծրագրի շահակից հայաստանյան բուհերի (ՀՀ ՊԿԱ, ՀԱԱՀ, ՎՊՀ, ՇՊՀ, ԳորՊՀ) մասնագետներին ներկայացրին EMI կենտրոններում փորձարկված անգլալեզու մոդուլների ինքնավերլուծության հիմնական մոտեցումները և սկզբունքները:
Ավելի վաղ տեղի ունեցած աշխատաժողովում ՈԱԱԿ մասնագետները ներկայացրել էին EMI կենտրոնների գործունեության գնահատման ցուցիչները:
Աշխատաժողովի քննարկման առանցքում էին․
- Ուսանողների և դասախոսների բավարարվածությունը. ի՞նչ ցուցիչներով պետք է գնահատել շահակիցների բավարարվածությունը EMI կենտրոնների գործունեությունից և դասավանդվող մոդուլներից:
- Անգլերենի ամբողջական ներդրումը կրթական ծրագրում, դասի պլանավորման, դասավանդման և քննական գործընթացում:
- EMI կենտրոնի կողմից իրականացվող անգլալեզու կրթական ծրագրերի և դասընթացների քանակը և արդյունքները, ներգրավված մասնակիցների, ուսանողների թիվը:
- Կենտրոնի կողմից իրականացվող դասընթացների հաջողության կատարողական ցուցիչները. ուսանողներն ի՞նչ արդյունքներով են դասընթացն ավարտել, ինչ վերջնարդյունքներ են սահմանված:
Ներկայացվեց նաև ինքնավերլուծության ձևաչափը, որով պետք է առաջնորդվեն բուհերը:
Նշենք, որ Էրազմուս+ SMARTI ծրագրի արդյունքում հայաստանյան 5 բուհ կունենա արտաքին գնահատում անցած EMI (Անգլերենը որպես ուսուցման միջոց) կենտրոն և անգլերենով դասավանդվող երկուական մոդուլ: Գործընթացը համակարգելու է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ):
SMARTI (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) տարբեր երկրների համագործակցությամբ եռամյա ծրագիր է, որը ձգտում է խթանել կրթական ծրագրերի անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը ազգային և միջազգային մակարդակով: