Ի՞նչ սկզբունքներով և չափանիշներով պետք է հայաստանյան 5 բուհերի EMI կենտրոններն առաջնորդվեն ինքնավերլուծություն իրականացնելիս. նոյեմբերի 9-ին ՈԱԱԿ նախաձեռնությամբ տեղի ունեցած առցանց աշխատաժողովի առանցքում այս հարցն էր:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ու Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանն Էրազմուս+ SMARTI ծրագրի շահակից հայաստանյան բուհերի (ՀՀ ՊԿԱ, ՀԱԱՀ, ՎՊՀ, ՇՊՀ, ԳորՊՀ) մասնագետներին ներկայացրին EMI կենտրոնների ինքնավերլուծության հիմնական մոտեցումները և սկզբունքները:
Աշխատաժողովի ընթացքում քննարկվեցին EMI կենտրոնների համար նախատեսված չափանիշները և գործունեության գնանատման ցուցիչները։ Քննարկման առանցքում էին․
- EMI կենտրոնի կառուցվածքը, դերը և գործառույթները բուհում:
- Կենտրոնների գործունեության համար սահմանված նպատակները և խնդիրները: Ինչպե՞ս է կենտրոնն իր գործունեությամբ նպաստելու բուհի առաքելության և ռազմավարական ծրագրի իրագործմանը:
- Գործընթացների պլանավորումը. ինչպե՞ս են հասնելու սահմանված նպատակների իրագործմանը, հստակեցված են արդյոք գործընթացների պատասխանատուները և սահմանված նպատակների իրագործման համար անհրաժեշտ ռեսուրսները:
- Աշխատակազմի համալրման չափանիշները. ի՞նչ պահանջներ են ներկայացվում EMI կենտրոնի աշխատակիցներին, կան արդյոք պաշտոնների անձնագրեր, մշակվե՞լ են աշխատակազմի կարողությունների զարգացման ծրագրեր:
- Համագործակցություն այլ բուհերի կամ EMI կենտրոնների հետ. որքանո՞վ են հստակ համագործակցության ուղղությունները:
- EMI կենտրոններում փորձարկված անգլալեզու երկու մոդուլների արդյունքները, բարելավման մեխանիզմները:
- Ռեսուրսները. արդյոք կենտրոնն ունի՞ սահմանված նպատակներին համապատասխան ռեսուրսներ:
- Շահակիցների հետ հաղորդակցության, տեղեկատվության տարածման ուղղությամբ իրականացվող աշխատանքները և կիրառվող համակարգերը:
- Լավ փորձի ուսումնասիրություն, վերհանում և տարածում. ինչպե՞ս է կենտրոնը տարածում իր լավագույն փորձը և տեղայնացնում ուսումնասիրված այլ փորձը:
- EMI կենտրոնի գործունեության որակի ապահովում. արդյոք կենտրոնը կանոնավոր կերպով չափում է իր հաջողությունն ըստ սահմանված նպատակների և ցուցիչների, ինչպե՞ս է ապահովում գործընթացների շարունակական բարելավումը:
Նշենք, որ Էրազմուս+ SMARTI ծրագրի արդյունքում հայաստանյան 5 բուհ կունենա արտաքին գնահատում անցած EMI (Անգլերենը որպես ուսուցման միջոց) կենտրոն և անգլերենով դասավանդվող երկուական մոդուլ: Գործընթացը համակարգելու է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ):
SMARTI (Աջակցություն անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին և գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը և միջազգայնացումը բարելավելու նպատակով) տարբեր երկրների համագործակցությամբ եռամյա ծրագիր է, որը ձգտում է խթանել կրթական ծրագրերի անգլերենով դասավանդելու նորարարական մեթոդաբանությանը ազգային և միջազգային մակարդակով: