Նոյեմբերի 10-12-ը Թբիլիսիում`Վրաստանի համալսարանում, տեղի ունեցավ ՏԵՄՊՈՒՍ-ի MathGeAr ծրագրի այս տարվա ամփոփիչ համաժողովը, որին մասնակցում էր նաև ՈԱԱԿ-ում ծրագրի համակարգող, Կենտրոնի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի վարիչ Անուշավան Մակարյանը:
Համաժողովի ընթացքում ծրագրի համակարգող Սերգեյ Սասնովսկին ամփոփեց MathGeAr-ի ընթացիկ տարվա գործունեությունն ու արդյունքները: Միջոցառման մասնակիցները քննարկեցին նաև Mathbridge-ի կիրառման ուղեցույցի ստեղծման աշխատանքների ընթացքը, ծրագրի վերջնական զեկույցը և այլ ադմինիստրատիվ հարցեր:
Համաժողովի ընթացքում պարոն Մակարյանը զեկույց ներկայացրեց «Մաթեմատիկական դասընթացների արդիականացման շարունակականության ապահովումը Հայաստանում» թեմայով: Զեկույցի շրջանակներում պարոն Մակարյանը ներկայացրեց ՈԱԱԿ-ի հետ համագործակցությամբ ծրագրի շահակից հայաստանյան բուհերում`ՀԱՊՀ-ում և ՀՊՄՀ-ում վերանայված մաթեմատիկական դասընթացների ծրագրերը, դրանց համեմատական վերլուծությունը, ակնկալվող վերջնարդյունքները, ուսումնառության և դասավանդման մեթոդաբանությունը, ինչպես նաև դրանց բարելավման ուղղությամբ մատուցված խորհրդատվությունները:
Պարոն Մակարյանը ուշադրություն հրավիրեց նաև ծրագրերի գնահատման մոտեցումների վրա`ներկայացնելով ՀՀ-ում որակի ապահովման ազգային համակարգը, հավատարմագրման գործընթացը և արդյունքները, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման չափանիշները:
Նույն տեսանկյունից ծրագրի շահակից վրացական բուհերի հետ տարվող աշխատանքները ներկայացրեց Վրաստանի Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի ներկայացուցիչը:
MathGeAr-ը եռամյա ծրագիր է (2013-2016), որի նպատակն է Հարավային Կովկասի տարածքում բարելավել STEM մասնագիտությունների ուսուցումը՝ արդիականացնելով մաթեմատիկայի բնագավառի առարկայական և ուսումնական ծրագրերը, ուսուցման բովանդակությունը և կիրառվող դասավանդման մեթոդները: Արդյունքում կներդրվեն համադրված ուսուցման նոր սկզբունքներ և էլեկտրոնային տեխնոլոգիաներ` կիրառելով ազգային և եվրոպական լավագույն փորձը: